«Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունն այսօր հրապարակել է 2012թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում, հատուկ ընտրանքով ընտրված թվով 1602 քաղաքացիների շրջանում անցկացված հարցախույզի արդյունքները, որոնց համաձայն, այն հարցին, թե՝ ո՞ւմ կտայիք ձեր ձայնը, եթե ԱԺ ընտրությունները կայանային այս կիրակի, հարցվածների միայն 3 տոկոսն է, որ հինգ ուժերի՝ ըստ վարկանիշային աղյուսակի դասավորված ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ թվում, մատնանշել «Ժառանգություն» կուսակցությանը: Ի դեպ, երկրորդ քվեով՝ եթե իր նախընտրած կուսակցությունը չմասնակցի ընտրություններին, «Ժառանգությանը» պատրաստ է ձայն տալ հարցվածների եւս 3 տոկոսը: Ըստ նույն հարցումների, հասարակության միայն 26 տոկոսն է առավելապես տեղեկացված «Ժառանգության» մասին, այս իմաստով հիշյալ ուժերից նրան զիջում է միայն ՀԱԿ-ը:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցման արդյունքներին, ասաց, թե իրենք բոլոր հարցումներն ընդունում են ի գիտություն, փորձում են դրանք համադրել սեփական որակական դիտարկումների կամ այլ աղբյուրներից ստացված արդյունքների հետ, ու դրանից օգտակար դասեր քաղել: «Բայց ընդհանուր առմամբ ես անձամբ չեմ հավատում վախի մթնոլորտում գտնվող հասարակության մեջ անցկացված սոցիոլոգիային: Մի հասարակության մեջ, որտեղ անձնագրեր են հավաքում, երբ իշխող կուսակցությունների ներկայացուցիչները բացահայտորեն մտնում են տներ եւ կարծիքներ ու դիրքորոշումներ են կորզում, չեմ հավատում, թե այդ հասարակությունն անկեղծ կլինի իր պատասխանների մեջ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգությունն» ի՞նչ օգտակար դասեր է քաղել այս մի հարցումից: Պատգամավորի մատուցմամբ՝ «եթե նայում ենք, թե այս հինգ տարվա գործունեության ընթացքում քանի՞ տոկոսն է իրազեկված «Ժառանգություն» կուսակցության գործունեության մասին, ապա սա ինքնին ասում է, թե ինչ պայմաններում ենք մենք գործել, եւ եթե մեր մասին հասարակության շատ չնչին տոկոսը գիտի, ապա, կարծում եմ՝ առաջիկա քարոզարշավի ժամանակ շատ ավելի մեծ տոկոսը տեղեկացված կլինի «Ժառանգության« մասին: Նաեւ դատելով նրանից, թե ի՞նչ աղբյուրից է հասարակությունը տեղեկատվություն ստանում, ապա պարզ է, որ հեռուստաընկերություններ ունեցող քաղաքական ուժը, որը շատ բարեգործություններ է արել եւ ամեն օր երեւացել է հասարակությանը, իհարկե, կարող է նման բարձր ցուցանիշ ունենալ, բայց դա ամենեւին չի նշանակում, թե դրանք կանխորոշելու են ընտրությունների արդյունքները»:
Իսկ «Ժառանգությունը», ըստ Սաֆարյանի, ակնկալում է, որ նոր գումարման ԱԺ-ում իր կուսակցությունն անհամեմատ ավելի շատ ձայներ կունենա ու մեծամասնություն կկազմի. «Որոշողը, իհարկե, ընտրողն է, բայց անցած 5 տարիներին «Ժառանգությունը» շատ լուրջ աշխատանք է կատարել, մյուս կողմից էլ՝ մենք ունենք շատ իմաստուն ու խոհեմ հասարակություն՝ խոսքս չի վերաբերում այն հատվածին, որը կարիքներից դրդված իր ձայնը վաճառում է կամ տեղ է տալիս պարտադրանքներին, որն ընդհանուր առմամբ՝ բավարար ունակություններ ունի իրավիճակը գնահատելու, եւ կարծում եմ, այդ երկու հանգամանքը մեզ թույլ է տալիս ասելու, որ ԱԺ-ում ունենալու ենք շատ տպավորիչ արդյունքներ»:
Կարդացեք նաև
Մեկնաբանելով այս պահին ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի հետ հավասար թվով քվեներ՝ 3 տոկոս, ունենալու փաստը, Սաֆարյանն ասաց. «Համեմատեք «Ժառանգության» ունեցած ռեսուրսները լրատվական դաշտում, հնարավորությունները եւ կտեսնեք, որ այս անհավասար պայմաններում անգամ «Ժառանգությունը» ոչ միայն գոյատեւել է, այլեւ պատրաստ է նոր հաջողություն արձանագրելու: Հիշեցնեմ, որ 2007 թվականին մեր ցուցանիշները նույնատիպ հարցումներով ավելի լավը չեն եղել, քան հիմա են, կամ որոշ իմաստով ավելի վատն են եղել, իսկ հիմա «Ժառանգությունն» ունի մեկնարկային լավ հնարավորություններ»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ