Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորական հաշմանդամի թոշակը յուրացրել են, նրան շարունակում են խաբել

Մարտ 22,2012 17:17

Իջեւանի Ազատամուտ գյուղի 32-ամյա բնակիչ Բագրատ Նազինյանը՝ 2000 թվականին ժամկետային զինվորական ծառայության ժամանակ, հայրենիքի հեռավոր սահմանագոտում ականի պայթյունից վիրավորվել է, դարձել երկրորդ կարգի հաշմանդամ: Նա դեպքի հետեւանքով ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, որոնց բուժման համար մեկնում է Դոնի Ռոստով, այնտեղ բուժում ստանում: Բագրատ Նազինյանը բուժման նպատակով 2009 թվականի հունվարից մինչեւ 2010թ. դեկտեմբեր ամիսը գտնվել է Ռոստովում, կան բուժհաստատությունից տրված համապատասխան փաստաթղթերը: Այդ ընթացքում եւ դրանից հետո մի քանի ամիս եւս նրա փոխարեն ստորագրել եւ թոշակի գումարները ստացել է Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի պետ Հրանուշ Ներկարարյանը: Վերջինս յուրացրել է Բագրատ Նազինյանի ընդհանուր առմամբ 27 ամիսների թոշակը` 1 միլիոն 388 հազար 800 դրամ: Այս առթիվ 2011թ. մայիսի 2-ին, ՀՀ ոստիկանության Իջեւանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հայտարարություն է տրվել, որ Հրանուշ Ներկարարյանի գործողություններից տուժած անձինք կարող են դիմել նախաքննություն իրականացնող մարմին: Մայիսի 17-ին Իջեւանի ռազմական ոստիկանությունում քննիչ Արթուր Մովսիսյանը ընդունել է Բագրատ Նազինյանին եւ նրա հորը` Լորիկին:

Քննիչի մոտ լինելով` ես տեսա, որ քրեական գործը սուտ է, հունիսի 1-ին դիմեցի պաշտպանության նախարարին, – ասում է Ազատամուտի 73-ամյա բնակիչ Լորիկ Նազինյանը:

Նրա նամակը նախարարությունից ուղարկվել է ՊՆ 6-րդ բաժին, այնտեղից էլ` Իջեւանի ռազմական ոստիկանություն: Այդ նամակի կապակցությամբ հուլիսի 23-ին Լորիկին հրավիրել են ռազմական ոստիկանություն: Բագրատի մայրը` Սվետլանա Սաքանյանը, այս գործով դիմել է զինդատախազ Գ. Կոստանյանին, զինդատախազությունից Սվետլանայի նամակն ուղարկվել է Լոռու զինվորական կայազոր, այնտեղից էլ` Իջեւանի ռազմական ոստիկանություն: Իջեւանի ռազմական ոստիկանության քննիչ Արթուր Մովսիսյանը Բագրատ Նազինյանին եւ նրա հորը չորս անգամ կանչել է, նրանց ի վերջո ասելով, որ ինքն էլ է հոգնել քննությունից: Լորիկ Նազինյանը 2011թ. հոկտեմբերի 4-ին ընդունելության է եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ: Նախարարին ուղարկած դիմումի մեջ Լորիկը նշել էր 6 հոգանոց իրենց ընտանիքի սոցիալական ծանր վիճակի մասին: Նախարար Օհանյանը Լորիկին 100 հազար դրամ է տվել` ասելով.

Հայրիկ ջան, այս գումարով յոլա գնա, ամսվա վերջին քեզ ստույգ կպատասխանեմ:

Դեկտեմբերի 5-ին Լորիկ Նազինյանը նամակ է ուղարկել նախարար Ս. Օհանյանին` նրան հիշեցնելով «ամսվա վերջի» մասին: Սակայն նամակը նախարարի գրասենյակից ուղարկվել է պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության վարչություն, այնտեղից էլ Լորիկ Նազինյանին պատասխանել են, թե իրեն մի անգամ դրամական աջակցություն են ցուցաբերել:

Ես իրենցից ֆինանսական օգնություն չեմ խնդրել, այլ` խնդրի լուծում,- վրդովվում է 73-ամյա թոշակառուն:

2012թ. հունվարի 14-ին քննիչ Արթուր Մովսիսյանը Բագրատ Նազինյանին կանչել է Իջեւանի ռազմական ոստիկանություն, ուր Հրանուշ Ներկարարյանի հետ առերեսում է կայացել:
Քննիչն ինձ ասաց` 99 տոկոսով խոսք եմ տալիս, որ շուտով բանկով թոշակիդ գումարը կստանաս,- ասում է Բագրատը:

Լորիկ Նազինյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Հրանուշ Ներկարարյանը մենակ չի յուրացրել երկրորդ խմբի հաշմանդամ որդու թոշակը, որ այդ պատճառով էլ հարցը չի լուծվում: Այս առթիվ պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք քննիչ Արթուր Մովսիսյանին: Նա հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ իր տեղը հարմար չէ, դժբախտ դեպք է եղել, եւ անջատեց հեռախոսը:

Նշենք, որ Իջեւանում Հրանուշ Ներկարարյանի գործողությունների հետեւանքով շատերն են տուժել: Իսկ Հրանուշը թեեւ զինկոմիսարիատից ազատվել է, սակայն շարունակում է հաջողությամբ աշխատեցնել իրեն պատկանող, Իջեւանի կենտրոնում գտնվող ծաղկի խանութը: Հրանուշը փաստաբան Ռադիկ Պապյանի կինն է, ով նախկինում Իջեւանում հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանն էր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031