Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. Ծնվեցին հսկաներ, որոնցից մեկը Ռաֆայել Իշխանյանն էր

Մարտ 22,2012 16:46

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում բանասեր, լեզվաբան, մատենագետ, գրքագետ Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցերեկույթ էր կազմակերպվել: Գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Անահիտ Մանուչարյանը նշեց, որ

միջոցառումը հիշատակի ու հարգանքի տուրք է` պրոֆեսորի հիշատակին. «Խորին ակնածանքով, թախիծով ու ջերմությամբ են համակվում բոլոր նրանք, ովքեր Ազգային գրադարանի պատերի ներքո աշխատել են Ռաֆայել Իշխանյանի կողքին»:

Հիշեցնենք, որ 1991-1995թթ.-ին Ռ. Իշխանյանը եղել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն: Ազգային գրադարանի փոխտնօրեն Անահիտ Հարությունյանը նշեց. «Ես կարծում էի, թե հուզվելու հատկությունս կորցրել եմ, բայց ոչ, այս սենյակում ամեն ինչ հիշեցնում է մեծ բանասերին: Այնպիսի մարդիկ, ինչպիսին նա էր, հազվագյուտ են: Բազմաշնորհ, սկզբունքային, հետևողական, համառ, տոկուն էր, նա դիմացել էր ահռելի դժվարությունների, թե սոցիալական, թե կենցաղային, թե հոգեբանական: Նպատակը այն էր, որ մենք հայերս պահպանենք մեր ինքնությունն ու հարատևությունը, և ապրենք անկախ պետությունում»:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով, Ռաֆայել Իշխանյանը մեծ սերնդի ուսուցիչ էր. «Ծնվեցին հսկաներ, որոնցից մեկը նա էր, մեր բարեկամն էր ու նպատակը ինքնուրույն լինելու ու ազատ լինելու գաղափարն էր: Ժամանակ պետք է անցնի, որ նրա աշխատանքը ըստ արժանվույն գնահատվի»:

Գրադարանում առանձին ցուցափեղկերով ներկայացվեցին Ռաֆայել Իշխանյանի հեղինակած, խմբագրած և նրա մասին պատմող գրքերն ու ամսագրերը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031