«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների փոխնախագահներ Ռուբեն Հակոբյանն ու Անուշ Սեդրակյանը քիչ առաջ ԿԸՀ-ին հանձնեցին համամասնական միասնական ցուցակը: Պարոն Հակոբյանը լրագրողներին ասաց, որ որեւէ փոփոխություն չի կրել միասնական ցուցակը:
Հարցին, թե ինչ էին քննարկում նախորդ օրերին, պարոն Հակոբյանը պատասխանեց, թե շատ բան կար քննարկելու, իսկ ցուցակի վերաբերյալ դժգոհությունների մասին ասաց. «Շատ բնական է, ամեն մեկը իր գործով է զբաղվում, ինտրիգներ պետք է ստեղծվեին, բայց իրականությունն այն է, որ այն ինչ ի սկզբանե հաստատել էինք երկու վարչությունների կողմից, որեւէ փոփոխություն չի կրել»: Նրա խոսքերով, իրենք պայքարելու են հանուն ազատ արդար ընտրությունների, բայց նաեւ այն ուժերի դեմ, որոնք կփորձեն անարդար ու ոչ ազատ ընտրություններ իրականացնել:
Իսկ Անուշ Սեդրակյանն ասաց. «Եթե կա հստակ քաղաքականություն ու հասկանում ես, որ այն բերելու է երկրի բարօրության, պետության վերջնական ամրապնդմանը, թափանցիկ ընտրություններ , ապա իմաստ չունի քննել տեղերի հերթականությունը: Պետք է միշտ բանսարկություններից հեռու մնալ»:
Կարդացեք նաև
Պարոն Հակոբյանն էլ ասաց, որ անբնական կլիներ, եթե չլինեին դժգոհություններ. «Բայց նաեւ շատ բնական է, որ դրանք կան, եւ բնական է, որ այս ամիսների երկու կուսակցությունների համատեղ աշխատանքը հաջողությամբ պսակվեց»:
Միավորումից «Ժառանգությունը» չտուժեց, որովհետեւ, ըստ պարոն Հակոբյանի, մեր քաղաքական քարտեզում կազմավորվել է հեռանկարային դաշինք, որը գիտի իր հստակ անելիքները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ