«Իմ անձի շուրջ կատարյալ հիմարություններ տարածող բոլորի համար վերջին անգամ եմ հայտարարում` ես ‹‹ոչ ոքի մարդը ›› չեմ ու, առավելևս, չունեմ և չեմ կարող ունենալ որևէ կապվածություն այնպիսի մարդկանց հետ, ովքեր այլոց հետ իրենց հարաբերություններն ու գործակցությունը պայմանավորում են ոչ թե բարոյական հիմքերով, այլ սեփական շահադիտական նկատառումներով»,-Aravot.am-ին փոխանցեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով այսօր մամուլում իր հասցեին եղած այն հրապարակումներին, որ նախագահի փեսան` Միքայել Մինասյանը բոլոր կուսակցություններում իր մարդկանց է «ներդնում»: ԲՀԿ-ում, «ներդրվածներն», իբր Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանն են:
«Շատ լավ հասկանալով ոմանց ‹‹մրմռոցը›› և դրդապատճառները, որոնցից ելնելով փորձում են տարաձայնություն ու տրոհում առաջացնել ԲՀԿ–ի թիմում` ընդգծում եմ , ես առաջնորդվում եմ սեփական համոզմունքով, գործունեությունս պարզ է ու թափանցիկ, նպատակներս ու քայլերս` ազնիվ: Իսկ եթե ոմանց դուր է գալիս հենց ‹‹որևէ մեկի մարդը լինելու›› արտահայտությունը, ուրեմն լա՛վ իմացեք, ես Գագիկ Ծառուկյանի մարդն եմ, ես իմ թիմի մարդն եմ, իմ կուսակցության ու իմ պետության մարդն եմ: Եվ ամենավերջում` շատ մի՛ նյարդայնացեք, մեր զանգվածը ստվար է, շարքերը կուռ, իսկ թիմը` միասնական, և մեր աշխատանքի արդյունքում շահելու է ողջ երկիրը ու ժողովուրդը: Թող Աստված ների ձեզ ու պահպանի»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ