Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բազեն» ու «բառիգը»` նույն ընտրացուցակում

Մարտ 22,2012 15:16

2005 թվականի օգոստոսի 31-ին հայրենի խորհրդարանում բավականին հետաքրքիր իրադարձություններ են զարգացել, որոնք հիշելու առիթ դարձան այս օրերին հրապարակված ընտրացուցակները: Այսպիսով՝ ՀՀԿ ցուցակում համապատասխանաբար 12 եւ 17-րդ տեղերը զբաղեցնող ՀՀ կրթության եւ գիտության հանրապետական նախարար Արմեն Աշոտյանի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի 2005-ի օգոստոսի 31-յան խորհրդարանական բանավեճից մի հատված. Անդրադառնալով  Գալուստ Սահակյանի նախօրեին արված մի հայտարարության, որ ՀՀԿ-ն պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին, Գեղամյանն այն  որակում է իբրեւ «ավետիս» ժողովրդին, քանի որ «ճիշտ նույն մարդիկ պաշտպանում էին Լեւոն ՏերՊետրոսյանին» եւ հայտնի է, թե հետո ինչ եղավ: «Ազգային միաբանության» առաջնորդը հակադարձում է նաեւ մեկ այլ հանրապետականի`Տիգրան Թորոսյանի այն մտքին, որ եթե ընդդիմությունն այժմ պիտի քննադատեր ԵԽԽՎ ղեկավարներին՝ ինչո՞ւ էր ամիսներ առաջ նրանց դռները կոտրում՝ պաշտպանություն փնտրելով: Գեղամյանը նկատում է, թե չեն ջարդում այն դռները, որոնք բաց են: Ու նաեւ պատմում, որ երբ ԵԽԽՎ-ում «պատվիրակության անդամներից մեկը կմկմալով տեքստ էր կարդում՝ ազերիները եւ թուրքերը հեգնանքով նայում էին՝ է՞ս չեք դուք»` ձեռքն ուղղելով Տիգրան Թորոսյանի կողմը: Գեղամյան-Թորոսյան փոխհրաձգության ժամանակ, ինչպես  այդ օրվա իր հոդվածում գրել է «Առավոտի» թղթակիցը` «Ազգային միաբանության» առաջնորդի ելույթի ընթացքում «բազեի թռիչքն» է իրականանում.«ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Արմեն Աշոտյանը պարզել էր 6:0 գրությունը: Հետո պարզաբանեց, որ այդպիսով գնահատել է պրն Գեղամյանի արտիստիզմը՝ ինչպես արվում է գեղասահքի ժամանակ. «Հայ թատրոնը կորցրել է մեծ դերասանի: Չգիտեմ՝ ինչ է շահել հայ քաղաքականությունը: Այնուհանդերձ՝ այսօրվա դրությամբ դեռ ոչինչ չի շահել»:

Ինքը՝ Գեղամյանը, երիտասարդ հանրապետականի ելույթի առնչությամբ այս զուգահեռն արեց. «Հին Երեւանում եթե որեւէ դուրսպրծուկ ուզում էր աչքի ընկնել՝ հայհոյում էր ամենասիրված, պաշտված մարդկանց՝ Փայլակ Սիմոնյանին, օղորմածիկ Նորիկ Թադեւոսյանին: Հետո շանսատակ էին անում, բայց ասում էր՝ ես կռիվ եմ տվել Փայլակի կամ Նորիկի հետ: Ճիշտ նույն սինդրոմն է»: Այս կառուցողական երկխոսությունը, բնականաբար, այսքանով չի ավարտվում, այլ ՀՀԿ-ականներ էլ են խառնվում գործին:  Մասնավորաբար, Գալուստ Սահակյանն այսպես է հակադարձում Գեղամյանին. «Ժարգոնով խոսում են կա՛մ գողերը, կա՛մ բառիգները»:

Aravot.am-ը պարոն Գեղամյանից հետաքրքրվեց` հիշո՞ւմ է այս ամենը եւ ինչպե՞ս է պատրաստվում նույն կարգախոսի տակ առաջ գնալ երբեմնի ախոյան քաղաքական գործիչների հետ: Պարոն Գեղամյանը հակիրճ եղավ իր պատասխանում` մեջբերելով հայտնի ռուսական հեքիաթային առածը. «Կտօ պօմյանետ ստառօե, տամու գլազ` վօն»: Հարցին` չեք նեղվում այդ ամենից, նույն ցուցակից` ասաց. «Հակառակը, հպարտություն եմ ապրում: Կնշանակի երկուսով ինչքա~ն ենք սիրում մեր երկիրը, որ մեր երբեմնի անհամաձայնությունները շպրտել ենք մի կողմ եւ զինվորագրվել ենք հանուն Հայաստանի: Եվ մենք իրավամբ փոխվել ենք, որովհետեւ հավատում են Հայաստանի ապագային»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031