Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար. «Դուք ակնարկում եք, որ ԲՀԿ-ն մեզ գումա՞ր է տվել»

Մարտ 22,2012 14:42

Այսօր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունն այսօր հրապարակեց փետրվարի 29-ից մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կատարված «Հարցում. նախընտրական պատկերը Հայաստանում» վերնագրով հետազոտության արդյունքները: Հաշվետվությանը ծանոթանալով կարելի է փաստել, որ համարյա թե բոլոր հարթություններում առաջատարը ԲՀԿ-ն է: Օրինակ՝ ՀՀ քաղաքացիների 78 տոկոսն իրազեկ է ԲՀԿ-ի մասին, մինչդեռ 71 տոկոսն է իրազեկ ՀՀԿ-ի մասին, 51 տոկոսն իրազեկ է «Օրինաց երկիր» կուսակցության, 34-ը՝ ՀՅԴ-ի, 26-ը՝ «Ժառանգության» և 16-ը՝ ՀԱԿ-ի մասին:

Այն հարցին՝ քաղաքական գործիչներից ո՞ւմ մասին են մարդիկ առավել իրազեկ՝ հարցվողների 52 տոկոսը պատասխանել է «Գագիկ Ծառուկյան», 46 տոկոսը՝ «Սերժ Սարգսյան», 34 տոկոսը՝ «Արթուր Բաղդասարյան», 20 տոկոսը՝ «Լևոն Տեր-Պետրոսյան»:

Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը հոկտեմբերին ևս կատարել էր հարցումներ: Համեմատելով գրանցված արդյունքները՝ կարելի է նկատել, որ հոկտեմբերին Գագիկ Ծառուկյանի մասին իրազեկ էր հարցման մասնակցածների 20 տոկոսը, որոնց ցուցանիշը մարտին կայացած հարցման արդյունքում դարձել է 52:

Հարցաթերթիկում եղել է նաև հետևյալ հարցը. «Եթե Ազգային ժողովի ընտրությունները լինեին այս կիրակի, ապա Դուք ո՞ր կուսակցությանը կտայիք Ձեր ձայնը»: Հարցվողների  27.1 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ ԲՀԿ-ին, 24.5 տոկոսը՝ ՀՀԿ-ին, 16.6-ը՝ չգիտի որ կուսակցությանը ձայն տա: Երկու առաջատար կուսակցություններին հաջորդում է ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Օրինաց երկիրը», «Ժառանգությունը»:

Վերլուծելով ներկայացված հաշվետվությունը՝ կարելի է նկատել, որ հարցվողների մեծամասնությունն իր տնտեսական բարեկացությունը կապում է Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ ՀՀԿ-ի հետ կապում են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լուծումը:

Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար դոկտոր Մայքլ Քամբեքը փաստեց, որ իրենց կատարած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ մարզաբնակ քաղաքացիներն ավելի մեծ ակնկալիքներ ունեն առաջիկա խորհրդարանական ընտրություններից, քան երևանցիները:

Aravot.am-ը Մ. Քամբեքից հետաքրքրվեց՝ ո՞ր կազմակերպությունն է եղել հարցումների անցկացման պատվիրատուն: Նա պատասխանեց. «Դա մենք կատարել ենք մեր սեփական նախաձեռնությամբ»: Դառնալով այն հարցին՝ մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ ԲՀԿ-ի կողմից պատվիրված հարցումներ են, կամ ԲՀԿ-ի PR-ն է, քանի որ մինչև այժմ իրականացված ոչ մի հարցման արդյունքում ԲՀԿ-ն այսքան բարձր ցուցանիշներ չէր գրանցվել, Մ. Քամբեքը պատասխանեց. «Սա կարող էր PR լինել առաջին հորիզոնականում հայտնված ցանկացած կուսակցության համար: Դուք ակնարկում եք, որ ԲՀԿն մեզ գումա՞ր է տվել հարցումներն իրականացնելու համար: Եթե այդպես լիներ, ապա մենք կգրեինք, որ Գագիկ Ծառուկյանը ամենալավ քաղաքական գործիչն է, բացարձակ առաջատարը և այլն: Մենք չենք փոխել մարդկանց հայտնած կարծիքները, ի՞նչ անենք, որ նրանք ԲՀԿին են սիրում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031