Մարտի 21-ից մեկնարկում են «Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերը»: Այդ առիթով այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ այս տարվա ծրագիրը բազմաբովանդակ է, միջոցառումներն ընդգրկելու են նաեւ մարզերը. «Վերջին տարիների ընթացքում ստեղծված մշակութային հարաբերությունները փորձում ենք ավելի խորացնել: Դրա ապացույցներից մեկն էլ հենց այս իրադարձությունն է: Ողջունելի է նաեւ այն, որ Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շարքը բացում է Ուկրաինան»:
Ըստ Ուկրաինայի մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակի, այս ամենի մեջ իր դերակատարումն ունի նաեւ Ուկրաինայի հայությունը. «Երբ եկանք Հայաստան, հասկացանք՝ եկել ենք մեր ընկերների տուն: Հայաստանի մշակութային օրերը լավ են անցել Ուկրաինայում: Այժմ էլ մե՛նք ենք անցկացնելու մեր օրերը ձեր երկրում»:
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի համար «Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերը» կարեւոր իրադարձութուն է: Այն փաստում է Հայաստանի ու Ուկրաինայի բարեկամությունը:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Ըստ նրա, մենք շատ խորը գրական կապեր ունենք Ուկրաինայի հետ. «Տարիներ առաջ այդ կապը որոշ չափով սառել էր, բայց այսօր, կարելի է ասել, հին ավանդույթը վերականգնվում է»:
«Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի» ընթացքում կկայանա նաեւ ուկրաինական «Всесвит» ամսագրի հոբելյանական հատուկ համարի հայաստանյան շնորհանդեսը: Ամսագրի գլխավոր խմբագիր Օլեգ Միկիտենկոն էլ ուրախ է, որ դա համընկնում է «ուկրաինական» օրերի հետ:
Ուկրաինայի գրողների միության պատվավոր անդամ Ալեքսանդր Բոժկոն ասաց. «Ողջունելի է, որ ուկրաինացի երիտասարդներն էլ են հետաքրքրվում հայագիտությամբ»:
«Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի» ընթացքում նախատեսված են համերգներ, գրքերի շնորհանդեսներ, ուկրաինացի նկարիչների ցուցահանդեսներ: Հայաստանում Ուկրաինայի օրերը կավարտվեն մարտի 28-ին:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ