«Երբ առաջին անգամ մտա լսարան, ուզում էի փակել դուռը և վերադառնալ գյուղ». Մերին ապրում է Գեղարքունիքի մարզում, սովորում է Մանկավարժական համալսարանում: Հիշում է՝ շատ էր ցանկանում գալ Երևան և սովորել այստեղ, մեծ սպասումներ ուներ, սակայն ակնկալիքների անգամ կեսը չարդարացան, պատճառաբանում է. «Մարդկանց բարի էի պատկերացնում, հյուրասեր, սակայն ամեն քայլափոխի զգում եմ գյուղացի, քաղաքացի տարբերությունը. դա ինձ շատ է ընկճում»: Սակայն ոչ բոլոր մարզերից եկած ուսանողներն են, որ Երևանում իրենց ընկճված են զգում, Անին սովորում է ԵՊՀ-ում, Երևան է եկել Շիրակի մարզից, ինչպես ասում է՝ էլ չի վերադառնալու. «Կմնամ այստեղ, կաշխատեմ: Վերադառնամ, ի՞նչ անեմ: Ոչ նորմալ աշխատանք կա, ոչ էլ երիտասարդների համար անհրաժեշտ պայմաններ»:
Տարբեր մարզերից եկած ուսանողները բողոքում են, որ Երևանում նորմալ պայմաններով հանրակացարաններ չկան և ստիպված են վարձել բնակարան, որի վճարը դժվարությամբ են կարողանում տալ:
Տաթևը այդ խնդիրը չունի, ապրում է Երևանին մոտ` Արարատ քաղաքում, դասի է գալիս հենց իրենց քաղաքից, սակայն ինքն էլ բողոքում է տրանսպորտից, ասում է, որ միշտ ուշանում է դասերից և դա ոչ իր մեղքով: Լուսինեն էլ հիշում է, երբ նոր էր եկել Երևան, երևանցիների վերաբերմունքից շատ էր զարմացել. «Չգիտեմ ինչո՞ւ` նրանց թվում է, եթե գյուղից ես եկել պետք է փնթի, կեղտոտ, անգրագետ լինես»:
Սակայն Երևանում ծնված և մեծացած ուսանողները ժխտում են այդ ամենը. «Ի՞նչ կապ ունի՝ ով որտեղից է, մարդս մարդ լինի: Երբեք նման բաներին ուշադրություն չեմ դարձրել. -ասում է Դավիթը,- ծիծաղելի է նման տարբերություն դնելը»:
Լիլիթ Սարգսյան