Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքսի թեման փակ է

Մարտ 22,2012 13:52

Ինտերնետը տալիս է բոլոր հարցերի պատասխանները

«Սեքսի թեման փակ է. երեխաների հետ քննարկելու շատ այլ թեմաներ կան, այսպես են մտածում մի շարք ծնողներ: Մեծամասնության պատկերացմամբ, երբ ժամանակը գա, այսինքն՝ օրինակ, աղջկա ամուսնության պահը մոտենա, մայրը մի երկու օր առաջ նրա ականջին որոշ բաներ կշշնջա: Երեխաների հետ կնոջ եւ տղամարդու սեռական հարաբերությունների մասին խոսելը անհարմար է, անթույլատրելի եւ ընդհանրապես հայեցի չէ: Տիպիկ հայկական ավանդական ընտանիքների մտածելակերպ է: Բայց չէ՞ որ երեխաների դաստիարակությամբ զբաղվելիս պետք է նրանց՝ սեքսի հետ կապված անառողջ հետաքրքրությունները կանխել, պատասխանել բոլոր հարցերին: Փոքր հասակից սկսած՝ երեխային պետք է բացատրել իր եւ հակառակ սեռի տարբերությունը, երեխայի համար մատչելի ձեւով բացատրել, թե, օրինակ, ինքն ինչպես է ծնվել: Չպետք է ասել՝ գիտե՞ս, բալիկ, քեզ արագիլն է բերել կամ՝ դու կաղամբից ես առաջացել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է հոգեբան Ստեփան Ավետիսյանը: Նաեւ հավելում՝ քանի որ ապրում ենք ինտերնետի դարում, համակարգիչն ու ինտերնետը ցանկացած պահի հասանելի են երեխաներին, ամեն վայրկյան նրանք իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ ինտերնետի միջոցով, այն դեպքում, երբ ինտերնետում տեղադրված ինֆորմացիան հաճախ սխալ է, պատկերները՝ չափազանցություն: Ըստ հոգեբանի, ավելի լավ է ճիշտ ձեւը գտնել ու պատասխանել երեխաների հարցերին:

«Մի անգամ 7 տարեկան մի աղջնակ, որը ծնողների ննջասենյակում է քնում, մորը հարցրել է՝ մամա, որ դու պապայի հետ քնում ես, գիշերն ի՞նչ եք անում, որ դու ձայներ ես հանում, պապան քեզ ծեծո՞ւմ է: Մայրը պատասխանել է՝ պապան ինձ չի ծեծում, պարզապես խաղ ենք խաղում… Որոշ ժամանակ անց, երեխան նստելով համակարգչի առջեւ, անգիտակցաբար բացելով տարբեր կայքեր՝ հայտնվում է մոր ասած «խաղերի» կայքում ու բացահայտում, թե մայրն ու հայրը ինչ «խաղեր» են խաղում: Ծնողները ժամանակին ճիշտ չպատասխանելով երեխայի հարցին՝ անհարմար վիճակում են հայտնվում: Իհարկե այս դեպքում ծնողները նաեւ մեծ սխալ են գործել՝ 7 տարեկան երեխային իրենց ննջասենյակում քնեցնելով: Երեխան ծնողների հետ միասին մեկ սենյակում չպետք է քնի»,- ասում է Ս. Ավետիսյանը՝ շեշտելով, որ երեխային համակարգչի առջեւ նստեցնելուց առաջ համակարգիչներում պետք է արգելափակել բոլոր այն կայքերը, որոնք կարող են խաթարել երեխայի հոգեբանությունը:

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ՝ «Ծնողների անզգուշության պատճառով, ժամանակի ընթացքում զավակներին սեքսի թեմաներից պարբերաբար հեռու պահելու հետեւանքով, արդեն չափահաս դարձած երեխաները խնդիրների առաջ են կանգնում. օրինակ՝ աղջիկը չի իմանում, թե այդ ինչպես պատահեց, որ ընկերոջ հետ, իր կարծիքով, փոքր-ինչ մտերմանալու հետեւանքով կուսազրկվեց, ախր իր լսածով այդպես չպետք է լիներ: Կամ տղան չի կողմնորոշվում՝ ո՞նց վարվել ապագա կնոջ հետ մինչամուսնական հարաբերություններում եւ այլն»:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031