Բաց նամակ ՀՀ նախագահին
Մեծարգո նախագահ, խոսքս ուղղում եմ Ձեզ, նկատի ունենալով, որ բացի հանրապետության նախագահ լինելուց, նաեւ բանասեր եք։
Տարիներ առաջ պատիվ եմ ունեցել իմ գրքերից մեկը՝ «Աստվածամոր հետքերով» վերնագրով, նվիրել Ձեզ, երբ զինված ուժերի նախարար էիք։ Այժմ հինգ բանաստեղծական գրքերի եւ մեկ պատմվածքների ժողովածուի հեղինակ եմ՝ «Աստվածամոր հետքերով», «Աստծո խորհուրդը», «Լույսը գիշերից առաջ» (պատմվածքներ), «Աղոթքի պատուհան», «Աղոթքի խորան», «Ձայն թագավորաց»։ Իմ գրքերի գրախոսողները, երաշխավորողները եւ խմբագիրներն են եղել Լյուդվիգ Դուրյանը, Անահիտ Աահինյանը, Սասուն Գրիգորյանը, Վաչագան Ա. Սարգսյանը, Արամայիս Սահակյանը, Հրանտ Գյուլասարյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրանտ Հորիզոնը, բանասիրական գիտությունների դոկտոր Շավիղ Գրիգորյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը եւ ուրիշներ։ Շապիկի նկարներն արել են ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանը եւ Ֆայենբերգ Սարգսյանը։ Տպագրվել եմ ՀՀ-ի եւ արտերկրի բազմաթիվ ամսագրերում, տարեգրքերում, օրաթերթերում, ելույթ ունեցել ռադիոյով եւ հեռուստատեսությամբ։ Տասը տարի է՝ դիմում եմ Հայաստանի գրողների միության անդամ ընտրվելու համար, բայց, չգիտես ինչու, ինձ չի հաջողվում։ Ի՞նչն է չափանիշը, գրելու որա՞կը, գրքերի քանա՞կը, թե՞ ծանոթությունները։ Ի դեպ, վերջինս ավելի ազդեցիկ դեր է կատարում, քան ստեղծագործելու մակարդակը, գրական վաստակն ու որակը։
Շատերին է հայտնի, որ մեծամասամբ ընդունվում են չգրողները, շուտով շենքի պատերին անվանափոխություն կլինի՝ «Չգրողների միություն»։
Նշեմ նաեւ, որ կան մարդիկ՝ ընդունվել են մեկ գրքի հրատարակումով կամ կարող են ընտրվել առանց դրա։ Իմ անձի եւ գրական վաստակի նկատմամբ դրսեւորվել է անարդար վերաբերմունք։ Վիրավորական է, որ շնորհազուրկներն ընդունվում են, իսկ մասնագիտական բարձր գնահատականի արժանացած վեց գրքի հեղինակը՝ ոչ։ Խնդրում եմ Ձեր միջամտությունը ինձ Հայաստանի գրողների միության անդամ լինելու հարցում։
ԽԱՆԴՈՒԹ (ԶՈՒՌՆԱՋՅԱՆ)
«Առավոտ» օրաթերթ