Գեղեցիկ ատամնաշարը գրավիչ է, իսկ երբ միաժամանակ ատամները առողջ են, շլացուցիչ ժպիտն ապահովված է: Ի՞նչ անել առողջ և սպիտակափայլ ատամներ ունենալու համար: Այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել ստոմատոլոգ Արթուր Թերջանյանից:
«Առողջ ատամներ ունենալու գլխավոր գործոններից մեկը ժառանգականությունն է, իսկ եթե ժառանգականությունը չի պարգևել առողջ ատամներ, ապա դրան պետք է հասնել հետևողական խնամքի միջոցով»,-ասում է ստոմատոլոգը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ ատամների խնամքը իր ամենօրյա պարտականությունն է, պետք է անխախտ կատարել այն: Իսկ այդ սովորությունը անհրաժեշտ է մարդկանց շրջանում տարածել, ուսուցանել դեռ փոքրուց, մանկապարտեզից:
«Առաջին հերթին երեխաների համար, որպես օրինակ, պետք է ծառայեն իրենց ծնողները: Եթե ծնողը հորդորում է, սովորեցնում է երեխային, որ անհրաժեշտ Է խնամել, մաքրել ատամները, իսկ ինքը չի կատարում, ապա նրա դաստիարակչական ջանքերը ոչ մի արդյունք չեն տա»,- ասում է ստոմատոլոգը:
Արդյո՞ք մեր քաղաքացիները հետևում են ատամների խնամքին, և դա հնարավորություն տալիս է խուսափելու ատամի կարիեսից: Այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել՛ անցկացնելով փոքրիկ հարցախույզ: Հարցվածների մեծամասնության հավաստմամբ՛ իրենք ամեն առավոտ մաքրում են ատամները, բայց ատամների կարիեսից խուսափել չեն կարողանում: Ստոմատոլոգի պարզաբանմամբ դա կարող է լինել ոչ ճիշտ խնամքի արդյունք:
«Օրվա ընթացքում մեկ անգամ, այն էլ առավոտները ատամները մաքրելը բավարար չէ առողջ ատամնաշար ունենալու համար, քանի որ օրվա ընթացքում ատամների արանքում կուտակված սննդի մնացորդները գիշերը նեխում են, առաջանում է մանրէներից և լորձից կազմված մի շերտ: Մանրէները, ռեակցիայի մեջ մտնելով սննդի մնացորդների հետ, առաջացնում են թթվություն, որն էլ քայքայում է ատամի էմալը` գոյացնելով փոքր անցքեր»,-ասում է Թերջանյանը: Ստոմատոլոգի խոսքով` ատամները լիարժեք մաքրելու համար չպետք է բավարարվել միայն խոզանակով, այլ նաև անհրաժեշտ է օգտվել ատամի թելիկներից:
«Ես ատամներս մաքրում եմ մեկ անգամ և հիմնականում առավոտները, իսկ օրվա ընթացքում օգտվում եմ նաև ատամի փայտիկներից»,-ասում է 30-ամյա Կարեն Մուրադյանը: Իսկ կարելի՞ է օգտվել ատամի փայտիկներից, արդյո՞ք դրանք վնասակար ազդեցություն չեն թողնում ատամների վրա:
«Ատամի փայտիկներից օգտվելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք չեն կարող մաքրել միջատամային հատվածում առաջացած փառը: Իսկ եթե կարիեսը առաջանում է միջատամային հատվածում, ապա միանգամից 2 ատամի վրա է տարածվում, հետևաբար դրանից խուսափելու համար նպատակահարմար է օգտվել ատամի թելիկներից, որոնք ավելի լավ են մաքրում»,- ասում է Արթուր Թերջանյանը: Ստոմատոլոգը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում ատամները մաքրել նվազագույնը 3 անգամ, շրջանաձև, իսկ խոզանակը օգտագործել 3 ամսից ոչ ավելի:
25-ամյա Արևիկ Դանդանյանը երջանիկ է, քանի որ ժառանգականությունը նրան առողջ ատամներ է պարգևել. «Առողջ ատամներ ունենալու հարցում բախտս բերել է, մեր ժառանգականությանը բնորոշ է գեղեցիկ ատամնաշար և առողջ ատամներ ունենալը: Բայց ասեմ, որ հետևողական եմ նաև խնամքի հարցում. մշտապես առավոտյան ուտելուց հետո, երեկոյան քնելուց առաջ մաքրում եմ ատամներս, իսկ ցերեկը օգտվում եմ ատամնաթելիկներից»:
Գեղեցիկ ատամնաշար և առողջ ատամներ ունենալու համար ոչ պակաս կարևոր է նաև կաթնատամների խնամքը:
«Կաթնատամները պետք է լավ խնամել, քանի որ դրանց փչանալու դեպքում առաջանում են ուժեղ ցավեր, և ատամը հեռացնելու անհրաժեշտություն է առաջանում: Իսկ եթե կաթնատամը հեռացվում է կամ ժամանակից շուտ թափվում, ապա հետագայում խանգարում է մշտական ատամների աճին, սովորաբար ատամիկները լինում են ծուռ և ատամնաշարը ոչ գեղեցիկ»,-ասում է մանկական ստոմատոլոգ Ռուզաննա Թերջանյանը: Նա ծնողներին խորհուրդ է տալիս արդեն 2 տարեկան երեխայի ատամները մաքրել մանկական փափուկ խոզանակով: Իսկ այն հարցին, թե այդ տարիքի երեխաների համար կարելի է ատամի մածուկ օգտագործել պատասխանում է. «Միայն մանկաբույժի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ ատամի մածուկները պարունակում են ֆտորային միացություններ, իսկ երեխաները այն կուլ տալու սովորություն ունեն, ուստի պետք է ընտրել ֆտորային միացություններ քիչ պարունակող մանկական ատամի մածուկներ»:
Անի Ենոքյան