Երեկ ՀՀ նկարիչների միությունում բացվեց ճանաչված գեղանկարիչ, գոբելենագործ Կարապետ Եղիազարյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդես: Ներկայացված էին հեղինակի շուրջ 100 գոբելեններն ու նկարները: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը տեղեկացրեց, որ այս ցուցահանդեսը պետք է բացվեր 2006 թվականին, բայց միության շենքում սկսված վերանորոգման աշխատանքների պատճառով հետաձգվել է. «Ցավում եմ, որ Կարապետ Եղիազարյանը մեզ հետ չէ, ու առանց նրա ենք բացում ցուցահանդեսը: Կարոն եղել է 20-րդ դարի լավագույն գեղանկարիչներից ու գոբելենագործներից մեկը»: Ցուցահանդեսը կազմակերպվել էր մշակույթի նախարարության եւ արվեստագետի դստեր՝ Անուշ Եղիազարյանի ջանքերով: Վերջինս նույնպես զբաղվում է գոբելենագործությամբ: «Հայրս եղել է Հայաստանում գոբելենի արվեստի հիմնադիրը: Այժմ, ովքեր աշխատում են այդ ոլորտում, նրա սաներն են: Այս ցուցահանդեսի իմաստը համարում եմ մեր երիտասարդությանը Կարապետ Եղիազարյանի արվեստի հետ ծանոթացնելը»,- նշեց Անուշ Եղիազարյանը: Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի կենտրոնի ղեկավար Արկադի Շեկունցն էլ հիշում է, որ վերջին տարիներին հաճախակի էր լինում նկարչի արվեստանոցում: Երբ տեսնում էր, թե ինչպիսի եռանդով էր նա ստեղծագործում, ինքն էլ էր ոգեշնչվում:
ԱՐԱՄ ԱՐԱՐԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ