Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չդառնալ աղանդավոր

Մարտ 22,2012 13:28

Դասեր՝ ռեժիսոր Վալերի Դեւյատիլովի «Աղանդ» գեղարվեստական ֆիլմի միջոցով

Օրերս Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում կայացավ ռուս ռեժիսոր Վալերի Դեւյատիլովի «Աղանդ» գեղարվեստական ֆիլմի դիտումը, որը եկեղեցական եւ աղանդների դեմ պայքարող կառույցներին է տրամադրել «Քայքայից պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» հ/կ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Վերջինս «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ֆիլմում կոչ է արվում զգույշ մնալ աղանդներից. «Հատկապես ակտիվ են «Կյանքի Խոսքը», «Նոր սերունդը», «Աստծո զինվորները», որոնց ներկայացուցիչները Հայաստանում շատ են եւ զբաղվում են հոգեորսությամբ ու մարդկանց ուղեղների լվացմամբ»: Ալ. Ամարյանը հավելեց, որ ֆիլմը խարիզմատիկների գործունեության մասին է եւ ներկայացնում է նրանց հոգեորսության մեխանիզմներն ու վտանգները: «Աղանդ» ֆիլմը նկարահանվել է 2011թ.՝ Ռուսաստանում եւ հիմնված է իրական փաստերի վրա: Երիտասարդ հերոսուհին ամուսնուց եւ մորից լսելով աբորտ անելու վերաբերյալ առաջարկներ՝ հեռանում է տնից եւ տեղեկացված չլինելու արդյունքում հայտնվում աղանդավորական համայնքում (ֆիլմում կոնկրետացված չէ, թե որ աղանդի մասին է խոսքը): Որոշ ժամանակ այստեղ ապրելով՝ Նատաշան խզում է կապը հարազատների հետ եւ զբաղվում աղանդի քարոզչությամբ: Աղանդավորների առաջնորդը՝ Դանիելը, հայտնում է, թե նրա որդին ընտրյալ է եւ ծնվելով՝ փրկելու է մարդկությունն աշխարհի թվացյալ կործանումից: Սակայն իրականում աղանդավորների առաջնորդը մտադիր էր երեխային իբրեւ զոհ մատուցել: Նատաշայի փախչելու փորձերն անհաջողությամբ են ավարտվում, նրան օգնել ցանկացող ընկերը դաժանորեն ծեծվում ու բանտարկվում է նկուղում: Վերջինս հետագայում մի կերպ կարողանում է փախչել: Նատաշան աղջիկ է լույսաշխարհ բերում, հուսախաբ առաջնորդն էլ մեղադրում է կնոջը՝ իր կանխատեսմանը չհավատալու եւ աղջիկ ծնելու համար: Մինչդեռ Նատաշան փորձում էր մոլորվածներին համոզել, որ երեխայի սեռը չի կարող ծնունդից մի քանի շաբաթ առաջ փոխվել: Ֆիլմի մեկ այլ դրվագում անտառում ապաստանած իր հետեւորդներին Դանիելը հրամայում է ինքնասպան լինել՝ փրկվելու համար: Մինչ աղանդավորների մի մասն ինքնակամ թույլ է տալիս իրեն թույն ներարկել, Նատաշային օգնության է հասնում ընկերը եւ փրկում թունավորումից:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա տեր Եսայի քահանա Արթենյանը նկատեց, որ անզգույշ վարվելով մարդու հետ՝ նրան թողնում ենք միայնակ եւ նպաստում աղանդավորական կառույցներում հայտնվելուն. «Մարդկանց շրջանում տեսնում եմ աղանդավորների հանդեպ ագրեսիա: Մի մոռացեք, որ նրանք մեր երկրի քաղաքացիներն են, եւ մեր պայքարը ոչ թե նրանց դեմ է, այլ գաղափարախոսության»: Քահանան հորդորեց ոչ թե մեղմացնել պայքարը, այլ ինչ-որ առումով որդեգրել հանդուրժողականության քաղաքականություն, քանի որ մարդիկ աղանդավոր են դառնում նաեւ սիրո պակասից:

ԼՈՒԻԶԱ ՍՈԻՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031