Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ թղթադրամներ՝ զինծառայողին

Մարտ 22,2012 13:21

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայր՝ Եղվարդ), դատավոր Մ. Մակյանի նախագահությամբ, 2011թ. դեկտեմբերի 2-ին, դռնբաց դատական նիստում, հրապարակեց 21-ամյա Սեւակ Խանսանամյանի, Արտյոմ Ներսիսյանի, Մանվել Հովհաննեսի Մելքոնյանի, 20-ամյա Հարություն Հարությունյանի, 24-ամյա Գուրգեն Քոչարյանի դատավճիռը:

Գործի վարույթն իրականացրել էր ՀՀ Պաշտպանության նախարարության Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը: Մեղադրանքը դատարանում պաշտպանում էր արդարադատության 2-րդ դասի խորհրդական Միշա Բալդրյանը:

Ըստ մեղադրական եզրակացության, Գավառի բնակիչ, մեղադրյալ Սեւակ Խանսանամյանը, 2011 թվականի մարտին՝ իր մոտ պահվող կեղծ թղթադրամներն իրացնելու նպատակով, թվով 50 հատ 1000 ՀՀ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ է տվել ՀՀ ՊՆ 55076 զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Ներսիսյանին, ապա նրա հետ նախնական համաձայնության գալով՝ այն իրացնելուց հետո իրեն վճարել գումարի 30 տոկոսը՝ իրական փողի տեսքով: Տոկոսի փոխարեն Ա. Ներսիսյանը Գավառ գնացող պատահական տաքսու վարորդի միջոցով Ս.Խանսանամյանին է ուղարկել իր «Նոկիա Ե-5310» տեսակի բջջային հեռախոսը:

Ա. Ներսիսյանն էլ իր հերթին Ս. Խանսանամյանից վերցրած 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներից 35 հատը՝ իրացնելու նպատակով, տվել է զորամաս եկած իր ծանոթին՝ Մանվել Մելքոնյանին, ասելով, որ կեղծ թղթադրամները իրացնել չկարողանալու դեպքում դրանք հետ վերադարձնի:

Իսկ 15 հատ կեղծ թղթադրամները Մ. Ներսիսյանը այրել է:

Մ. Մելքոնյանը 25 հատը տվել է բալահովիտցի Հարություն Հարությունյանին, մնացած 10 թղթադրամները տվել է Գուրգեն Քոչարյանին:

Հարությունը, ըստ գործի նյութերի, 1 հատ 1000 ՀՀ դրամանոց թղթադրամով Բալահովիտի բնակիչ Ս. Հասրաթյանին պատկանող կրպակից գնել է 2 տուփ «Մարլբորո» տեսակի ծխախոտ եւ կրպակից դուրս գալուց հետո, մեկ տուփը տվել է Մ. Մելքոնյանին ու տեղեկացրել, որ այն գնել է կեղծ թղթադրամով: Ս. Հասրաթյանը երեկոյան գումարը հաշվելու ընթացքում նկատել է, որ 1000 դրամանոց թղթադրամներից մեկը տարբերվում է մյուսներից եւ կասկածելով, որ այն կեղծ է, իր ասելով՝ պատռել եւ դեն է նետել:

Հարությունը Աբովյանի տոնավաճառում Ա. Հարությունյանի տաղավարից 7 հատ 1000 ՀՀ դրամանոց կեղծ թղթադրամներով գնել է կանացի հագուստ: Կրպակատերը հայտնաբերելով, որ Հ. Հարությունյանի տված թղթադրամները կեղծ են, դրանցից 3 հատը պատռել է եւ շպրտել, իսկ 4 հատը ներկայացրել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին: Երբ Հ. Հարությունյանը Աբովյանի «Կինոյի տան» մոտի ծխախոտի կրպակից փորձել է 1000 դրամանոց կեղծ թղթադրամով ծխախոտ գնել, եւ երբ վաճառողը հասկանալով, որ փողը կեղծ է, գոռգոռացել է վրան, նա վերցնելով գումարը՝ թռել է: Ըստ ձեռք բերված ապացույցների, 17 հատ կեղծ 1000 ՀՀ դրամանոց թղթադրամները Հ. Հարությունյանն այրել է:

Գուրգեն Քոչարյանն էլ կեղծ թղթադրամներով գնել էր սուրճ, ծխախոտ եւ երշիկ:

Սեւակը, Արտյոմը, Մանվելը, Գուրգենը, Հարությունն իրենց մեղավոր չեն ճանաչել: Հարությունը դատարանում ասել էր, որ նախաքննության մարմինը ցուցմունք տալուց իրեն ուղղորդել է, իսկ Արտյոմը նախաքննության ժամանակ փաստաբան չի ունեցել: Սեւակը Գավառի պետական համալսարանի իրավագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող էր: Հարությունի հայրը մահացած էր, իսկ մայրը՝ անհայտ բացակայող: Մանվելը երեւանյան հիվանդությամբ էր տառապում:

Դատարանը լսելով ամբաստանյալներին եւ հրապարակելով քրեական գործի մինչդատական վարույթում նրանց կողմից տրված բացատրություններն ու ցուցմունքները՝ հանգեց այն հետեւության, որ «նրանց կողմից դատաքննության սկզբում մեղքը չընդունելը, ինչպես նաեւ իրենց կատարած արարքը հերքելու մասին տրված ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում, իրարամերժ են եւ ոչ արժանահավատ»: Դատարանն անարժանահավատ համարեց նաեւ ամբաստանյալների այն պնդումը, թե թղթադրամներն իրացրել են պատահական՝ շփոթմունքի արդյունքում:

Սեւակը դատապարտվեց 5 տարի 11 ամիս ազատազրկման, Արտյոմը, Մանվելը, Հարությունը՝ 5,5 տարվա ազատազրկման: Գուրգենը՝ 5 տարի կես ամիս 14 օր ազատազրկման: Դատարանը պայմանական չի կիրառի այն, 2 տարով կկիրառի փորձաշրջան, իսկ ամբաստանյալների կալանքն անհապաղ փոխվեց, եւ նրանք ստորագրություն տվեցին այս դեպքում դատարանից՝ քաղաքից չբացակայելու մասին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Գործը ներկայումս գտնվում է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում, քանի որ բողոք բերող դատախազը պահանջում է ավելի խիստ պատժաչափ՝ մինչեւ 7 տարվա ազատազրկման տեսքով:

Ուշադրության արժանի է այն, որ մինչեւ 4 տարվա ազատազրկում է մեկ այլ դատախազ պահանջել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի համար, երբ թաքցվել է մարդասպանության գործ եւ ամբաստանյալի աթոռին նստել է անմեղ մարդը, իսկ նույն գործով երկու ոստիկաններին ազատ արձակելու միջնորդություն է արվել:

Որն է պատժաչափի տրամաբանությունը. մարդասպանության համար ազատե՞լը, մեղմ պատի՞ժը, թե՞ կեղծ թղթադրամ մոլորված տարածելը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031