Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցողների մեծ մասը «զրկված է» ընտրելու իրավունքից

Մարտ 22,2012 13:18

Ընտրատեղամասերն անհասանելի են նրանց 

Արմեն Ալավերդյանը պատգամավորի թեկնածուներին կոչ է անում հաշմանդամ մարդկանց էլ հաշվի առնել:

Ըստ Սուրեն Մաղաքյանի՝ հաշմանդամ մարդկանց առաջնահերթ խնդիրը տրանսպորտի եւ շինությունների անմատչելիությունն է:

«Մոտ 100 հազար հաշմանդամություն ունեցող ընտրողներ կան, որոնց համար ընտրատեղամասերը դեռ մնում են անհասանելի: Ընտրատեղամասերի 85%-ը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց»,- որքանո՞վ են մատչելի ընտրատեղամասերը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար՝ «Առավոտի» այս հարցին պատասխանեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը: Այդ մարդկանց քվեները չկորցնելու համար պարոն Ալավերդյանը կոչ է անում թեկնածուներին ու ոլորտի պատասխանատուներին խնդիրը շուտափույթ լուծել եւ անընդհատ հատուկ վերաբերմունք ու ուշադրություն ցուցաբերել ոչ միայն նախընտրական շրջանում, այլեւ մշտապես: Բացի այն, որ այսօր մի շարք ընտրատարածքների անգամ մուտքերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց, դեռ մի բան էլ, ըստ Արմեն Ալավերդյանի, հաշմանդամ մարդը ստիպված է լինում բարձրանալ 2-րդ հարկ. «Իմ կարծիքով՝ ընդհանրապես պետք է արգելեն 2-րդ հարկերում ընտրատեղամաս տեղադրել, դա ոչ մեկին հարմար չէ: Ի դեպ, բոլոր հաշմանդամները չէ, որ սայլակով են, կան սակավաշարժ մարդիկ՝ հղի կանայք ու ծերեր, որոնք ամենաակտիվն են լինում ընտրությունների ժամանակ, իսկ նրանք ստիպված են լինում բարձրանալ ընտրատեղամասերի 2-րդ հարկը: Այդ կատեգորիայի մարդիկ հազարներով են, եւ շատերը չեն գնում ընտրության՝ պարզապես իմանալով, որ այդքան խոչընդոտներ պետք է հաղթահարեն»: Պարոն Ալավերդյանից հետաքրքրվեցինք, թե օրինակ՝ տեսողական խնդիրներ ունեցողներն ինչպե՞ս են օգտվում իրենց ընտրության իրավունքից: Հ/կ-ի ղեկավարի խոսքերով՝ կույր եզակի ընտրողներ են գնում ընտրության. «Կույրերի համար հատուկ կաղապարներ կան, որոնք ունեն անցքեր, եւ Բրայլի շրիֆտով նշված են թեկնածուների անունները, բայց շատ քչերն են օգտվում, իսկ շատերն էլ ուղղակի գերադասում են օգնականի միջոցով գնալ, ինչն էլ չարաշահումների տեղիք կարող է տալ»:

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում՝ զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի շնորհանդեսն էր, որտեղ էլ զրուցեցինք Արմեն Ալավերդյանի հետ: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) եւ Save the children կազմակերպության միջոցով: Ըստ ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովայի՝ ծրագրի շնորհիվ 400 հաշմանդամ անձ աշխատանքով կապահովվի, 620-ը մասնագիտական կրթություն կստանա, եւ մոտ 20%-ով կավելանան այն գործատուները, որոնք պատրաստակամ կլինեն հաշմանդամություն ունեցող մարդկանց հրավիրել աշխատանքի: Մեզ հետ զրույցում շնորհանդեսին ներկա «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Մաղաքյանը, ճիշտ է, դրական գնահատեց ծրագիրը, սակայն հավելեց, որ այսօր հաշմանդամ անձանց համար առաջնահերթ խնդիրը տեղաշարժվելն է, հասարակական տրանսպորտն ու բազմաթիվ շենքեր դեռեւս անհասանելի են նրանց: Պարոն Մաղաքյանի խոսքերով՝ «Օրինակ՝ գիծ շահագործելու համար պետք է մրցույթ շահեն, իսկ մրցույթի պահանջ պետք է դրվի նաեւ, որ տրանսպորտային միջոցը հաշմանդամներին հարմար լինի: Քաղաքապետարանը բավականին թվով ավտոբուսներ ներկրեց, մենք նույնիսկ ակցիա արեցինք, բայց մինչեւ այսօր պարզ չէ, թե դրանցից քանի՞սը կհարմարեցվեն հաշմանդամներին: Կրթության, առողջապահական ծառայությունների կամ աշխատելու խնդիրները սկվում են տեղաշարժման խոչընդոտներից: Նաեւ ձեր խմբագրություն, ասենք, եթե դուք ինձ հրավիրեք, ես չգիտեմ էլ՝ հնարավորություն կունենա՞մ տեղաշարժվելու: Այսինքն՝ հասարակական նշանակության շենք-շինությունների մեծ մասը դեռեւս անմատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մի խոսքով՝ այսօր հաշմանդամություն ունեցող անձանց առաջին խնդիրը հասարակական, տնտեսական եւ շատ այլ բնագավառներում մյուսներին հավասար մասնակցության ապահովման բացակայությունն է. այդ ամենում ես խտրականություն եմ տեսնում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031