Լրահոս
Օրվա լրահոսը

Խոցելի խմբերին կենսականորեն անհրաժեշտ ծառայություններ է մատուցվում

Մարտ 22,2012 13:14

«Առաքելություն Հայաստան»-ը տարեցներին, հաշմանդամներին, փախստականներին ու անապահով ընտանիքներին խնամում է, ապահովում տաք սննդով ու մասնագիտության տեր դարձնում:

Շուրջ մեկուկես տարի է՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԲՀԿ) հանրապետության 8 մարզերի 18 քաղաքներում իրականացնում է «Կենսականորեն անհրաժեշտ ծառայությունների մատուցում՝ խոցելի խմբերին» սոցիալական ծրագիրը: Երեկ «Էրեբունի-Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ նշյալ ծրագրի 2-րդ փուլի հանդիսավոր շնորհանդեսը, որին ներկա էին պետական այրեր, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը կարեւորելով «Առաքելություն Հայաստան» հ/կ-ի դերը մեր երկրում՝ ծրագիրը համարեց հաջողված. «Պետությունն իր պարտականությունների որոշակի մասը ուղղորդեց դեպի հասարակական կազմակերպություններ: Եվ քանի որ ֆինանսատնտեսական ճգնաժամը մեր երկրում աղքատների թիվն ավելացրեց, ուստի այսօր բարեգործության կարիքն ավելի շատ է զգացվում»:

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանի ներկայացմամբ՝ իրենց կազմակերպությունն ավելի քան 20 տարի մատուցում է սոցիալ-առողջապահական ծառայություններ, որի նպատակն է օգնել անմխիթար եւ անապահով վիճակում հայտնված հայրենակիցներին եւ նրանց արժանապատիվ  կյանքով ապրելու հնարավորություն ընձեռել: ԲՀԿ-ն գրեթե 10 տարի անընդմեջ սպասարկել է ՀՀ 8 մարզերի շուրջ 8 հազար միայնակ տարեցների, հաշմանդամների եւ կարիքավոր ընտանիքների: Սակայն 2010-2011թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ֆինանսավորման մեծ մասը կրճատվել է, եւ ծրագիրը հայտնվել էր փակման եզրին: Եվ միայն ՀՀ կառավարության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի «Հակաճգնաժամային հիմնադրամի»-ի ֆինանսական օժանդակության շնորհիվ հաջողվել է շարունակել հազարավոր կարիքավորների համար կենսական կարեւոր ծառայությունների մատուցումը:

Հռիփսիմե Կիրակոսյանի խոսքերով՝ «Կենսականորեն անհրաժեշտ ծառայությունների մատուցում՝ խոցելի խմբերին» ծրագիրը, որը մեկնարկել է 2010-ի մարտից, ընդգրկել է ՀՀ 8 մարզերի 18 քաղաքների 5 հազար շահառուների: 23 կենտրոնների միջոցով տարեցներին, փախստականներին եւ անապահով ընտանիքներին մատուցվում են սոցիալական, առողջապահական, սննդի, տեղեկատվական, հմտությունների զարգացման ծառայություններ, իսկ շարժման սահմանափակ կարողություններով մարդկանց էլ, որոնք չեն կարողանում հաճախել կազմակերպության խնամքի կենտրոններ, «Առաքելություն Հայաստանի» սոցիալական աշխատողներն այդ ծառայությունները նրանց տանն են մատուցում: «Առավոտի» հետ զրույցում տիկին Հռիփսիմեն ասաց, որ կազմակերպության համար ֆինանսներ հայթայթելն այդքան էլ հեշտ չէ, բայց աջակցողներ, այնուամենայնիվ, լինում են. «2010 թվականին, երբ պետք է դադարեր այս ծրագիրը, բավականին մեծ վնաս կհասցվեր այս համակարգին: Եվ որպեսզի մենք կարողանայինք համակարգի աշխատանքը շարունակել, մեզ միացավ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն» իր «Հակաճգնաժամային հիմնադրամի»-ի ֆինանսական օժանդակությամբ: 2007 թվականից գումարներ ենք ստանում նաեւ պետությունից: Ծրագրի համար ՀՀ կառավարությունը ներդրել է 164   միլիոն դրամ, իսկ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն» իր «Հակաճգնաժամային հիմնադրամի» ծրագրի շրջանակներում՝ մոտ 170 միլիոն դրամ։

Ցավոք, ծրագիրը կտեւի մինչեւ 2013 թվականը, բայց քանի որ մենք աստվածահաճո գործ ենք անում, ուստի Աստծո օրհնությամբ, հույս ունենք, այն կշարունակվի: Հույս ունենք, որ պետությունն էլ իր ներդրումը կավելացնի: Մեզ օգնում են նաեւ համայնքապետերը, քաղաքապետերը, ինչը շատ կարեւոր տարածքներ ունի այս ծրագրի համար: Նրանք անհատույց շինություններ են տրամադրել «Առաքելություն Հայաստանին», որտեղ էլ այսօր գործում են մեր կենտրոնները, բարեգործական ճաշարանները, բուժկետերը»:

Մեզ հետ զրույցում Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը նույնպես կարեւորեց ծրագրի անհրաժեշտությունը. «Ալավերդիում «Առաքելություն Հայաստան» կազմակերպության միջոցներով բարեգործական ճաշարան է գործում 2003 թվականից: Քաղաքապետարանը ծրագրի համաֆինանսավորողն է: Մեր քաղաքում իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 10 միլիոն դրամ է, որից 3 միլիոնը համայնքային բյուջեից է տրվում: Ներկայումս 130 շահառու ունենք, բայց կազմակերպությունը միջոցներ է հայթայթում շահառուների թիվն ավելացնելու համար: Պետք է ասեմ, որ կազմակերպության բարեգործությունը զուտ տաք սննդով չի սահմանափակվում: Այսօր շահառուները հնարավորություն ունեն օգտվելու բուժծառայությունից, սոցիալական աշխատողի ծառայությունից, վերջերս շահառուներին համակարգչային եւ վարսահարդարման դասընթացների հնարավորություն տրվեց: Ես կարծում եմ, որ աղքատության հաղթահարումը նաեւ մասնագիտություն ձեռք բերելու միջոցով պետք է իրականացվի, որպեսզի մարդու՝ աշխատանք փնտրելու ձգտումը չվերանա եւ այդ ուղղությամբ ջանքեր գործադրի՝ այս իրականության մեջ իր տեղը գտնելու եւ ծախսերը հոգալու համար: Ալավերդու քաղաքապետարանը «Առաքելություն Հայաստանին» անհատույց շենք է տրամադրել: Ծրագիրն արդյունավետ է, եւ որքան էլ մենք տնտեսական աճ ունենանք, շուկայական պայմաններում միշտ էլ օգնության կարիք ունեցող մարդիկ լինելու են»:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, կարեւորելով ծրագրի շարունակականությունը, քաղաքապետարանի ներկայացուցիչների միջոցով իր ուղերձում փոխանցել էր, որ Երեւանի քաղաքապետարանն էլ է աջակցելու, որպեսզի մեր բնակիչների համար կենսականորեն անհրաժեշտ այս ծրագիրն իրագործվի:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031