Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը լիարժեք չի օգտագործում իր հնարավորությունները

Մարտ 22,2012 13:06

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ նախընտրական ցուցակների մասին

Այսօր առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության առաջադրումների վերջնաժամկետն է: ՀՀ օրենսդիր մարմնում տեղ զբաղեցնելու հավակնություններ ունեցող կուսակցությունների նախընտրական ցուցակները, որոշ դեպքերում մասամբ, բայց հայտնի են՝ բացառությամբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի, որի համամասնական ցուցակը, հավանաբար, պարզ կդառնա միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո: Այնուհանդերձ, քաղաքական դաշտի հիմնական խաղացողների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի հրապարակած առաջին 20-յակները, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հրապարակած ցուցակները եւ ՀԱԿ-ի պարագայում ՝«հավաստի աղբյուրների» միջոցով մամուլում հայտնված անունները թույլ են տալիս որոշակի ենթադրություններ եւ եզրակացություններ անել: «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ո՞րն է իր առաջին տպավորությունը եւ ի՞նչ միտումներ է տեսնում: «Իշխող կոալիցիայի երկու կուսակցությունները՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ցուցակների մասով ավելի շահեկան վիճակում են, քան ընդդիմությունը»,- ասաց պարոն Գրիգորյանը: Փարատելով «Առավոտի» զարմանքը՝ պարզաբանեց. «Իշխող կուսակցության համար միշտ էլ ավելի դժվար է ժողովրդի պահանջները բավարարել, այն պարզ պատճառով, որ բոլոր պահանջները հենց իշխանությանն են ներկայացվում: Բայց եթե ցուցակները վերլուծենք, ըստ իս, իշխող կուսակցությունները կարողացան ավելի էֆեկտիվ օգտագործել իրենց հնարավորությունները»: Ստեփան Գրիգորյանը դրական է համարում, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ցուցակների առաջին տասնյակում տեղ են գտել այն նախարարները, որոնք արդյունավետ են աշխատում: Որպես օրինակներ նշում է ՀՀԿ-ական նախարարներ Հրանուշ Հակոբյանին եւ Արմեն Աշոտյանին եւ ԲՀԿ-ական նախարար Հարություն Քուշկյանին. «Գործող կառավարության անդամներից ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն առաջնայնություն տվեցին այն մարդկանց, ովքեր աշխատում են եւ ունեն դրական ազդեցություն ու իմիջ: Ապա նաեւ ինչ-որ չափով բավարարեցին հանրության սպասումները՝ նախընտրական ցուցակներում ինտելեկտուալների եւ նոր, մտածող մարդկանց հայտնվելու մասով»: ՀՀԿ-ի 20-յակում որպես երիտասարդ ինտելեկտուալի՝ մեր զրուցակիցը նշում է Դավիթ Հարությունյանին, ԲՀԿ-ի մասով՝ Վահե Հովհաննիսյանին, Էլինար Վարդանյանին, Վահե Էնֆիաջյանին: «Այս երկու՝ բավական դրական էլեմենտները իշխանական կոալիցիայի երկու կուսակցություններն օգտագործել են իրենց համամասնական ցուցակներում: Դա մեկ անգամ եւս փաստում է, որ այդ ուժերը ջանացել են հնարավորինս բազմաշերտ ներկայանալ հանրությանը»:

«Առավոտի» դիտարկմանը, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ցուցակներում նաեւ բացասական իմիջով կամ հանրության կողմից ոչ միանշանակ ընկալվող մարդիկ կան, ասենք՝ Հմայակ Հովհաննիսյան, Արտաշես Գեղամյան, Հայկ Բաբուխանյան եւ այլն, Ստեփան Գրիգորյանը հակադարձեց. «Փոքր կուսակցությունների առաջին դեմքերին ցուցակ մտցնելու եւ այդպիսով նրանց ներկայությունը խորհրդարանում ապահովելու ՀՀԿ-ի գաղափարը վատը չէ՝ անկախ նրանից, թե տվյալ անձանց նկատմամբ մենք ինչ վերաբերմունք ունենք: Այո, վա՞տ է, որ քաղաքագետը կամ ինտելեկտուալը որեւէ ցուցակով մտնում է խորհրդարան: Ես կարող է չկիսեմ նրանց կարծիքները՝ որպես փորձագետ, բայց որ խելոք մարդիկ խորհրդարանում լինեն, դրական միտում է»:

Դաշնակցության ցուցակում որեւէ անակնկալ, նորություն քաղաքագետը չի տեսնում. «Զուտ կուսակցական ցուցակ է, եւ միանգամայն սպասելի անձինք են»: Մինչդեռ «Ժառանգության» ցուցակի եւ Հայ ազգային կոնգրեսի ցուցակի նախնական տեղեկությունները մեր զրուցակցի մոտ հարցեր են առաջացնում. «Իմ կարծիքով՝ ընդդիմությունը չի օգտագործել իր բազմակողմանի եւ ավելի ազատ հնարավորությունները: Օրինակ՝ «Ժառանգության» ցուցակում կան մարդիկ, ովքեր գաղտնիք չէ, որ բավականին պրոիշխանական են»: Տվյալ պարագայում Ստեփան Գրիգորյանը չի քննարկում պրոիշխանական լինելու լավ կամ վատ լինելը, փաստն է արձանագրում: Նաեւ շատ զարմանալի է համարում, որ Լարիսա Ալավերդյանի նման հայտնի եւ դրական իմիջ ունեցող մարդը ցուցակի առաջնային հորիզոնականներում չէ: Ինչ մնում է ՀԱԿ-ին, այս պարագայում էլ, առկա տեղեկատվությունը վերլուծելով, մեր զրուցակիցը ակնհայտ է համարում, որ համամասնական ցուցակով հասարակության համար ավելի գրավիչ դառնալու բազմակողմանի հնարավորություններն արդյունավետ չեն օգտագործվել:

Նկատեցինք նաեւ, որ իշխանական կուսակցությունները մեծամասնական առաջադրումներում կարծես նախապատվությունը տվել են քրեական հեղինակություններին եւ օլիգարխներին: Ստեփան Գրիգորյանը ձեռնպահ մնաց մեր ձեւակերպումների հետ համաձայնել, բայցեւ նկատեց. «Դժբախտաբար, մեծամասնական կարգով ընտրություններն այսօր Հայաստանում կվերածվեն փողի, ադմինիստրատիվ ռեսուրսի պայքարի: Համամասնական կարգով ընտրություններում նյուանսներ, դժգոհություններ կլինեն, բայց որ համամասնական կարգով ընտրություններ կգնան, մրցակցություն կլինի՝ ակնհայտ է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031