Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզչության անատոմիան

Մարտ 22,2012 12:45

Ռուսաստանում նախագահական ընտրություններից առաջ HTB-ն ցույց էր տվել մի ֆիլմ, որը կոչվում էր «Բողոքի անատոմիան» եւ, խախտելով լրագրողական մասնագիտական եւ էթիկական ստանդարտները, պարզապես վայրահաչում էր Դումայի կեղծված ընտրությունների դեմ բողոքող մարդկանց հասցեին: Վերջերս HTB-ի դեմ պիկետներ էին կազմակերպվում, որոնց մասնակիցները դատապարտում էին նման «ստեղծագործությունների» եթերում հայտնվելը: Իր ուղղվածությամբ տվյալ ֆիլմը հիշեցնում էր 2008 թվականին հ2-ով ցույց տրված այն «ֆիլմերը», որոնք «ապացուցում» էին, թե Տեր-Պետրոսյանն է կազմակերպել «հոկտեմբերի 27-ը», ինչպես նաեւ նախագահական երդմնակալության ժամանակ նա երդվել էր ոչ թե Աստվածաշնչի, այլ Թալմուդի վրա: Ի դեպ, եթե երբեւէ լրջորեն, առանց քաղաքական շահագրգռությունների հետաքննվի, թե ով է սադրել «մարտի 1-ը», ապա այդ ֆիլմերի հեղինակներն ու եթեր տվողները, կարծում եմ, կհայտնվեն սադրողների շարքում:

Ռուսաստանյան իշխանության հիմնական փաստարկը, որը նա կիրառում է «հարթակային» ընդդիմության դեմ, այն է, որ այդ բողոքող մարդիկ ֆինանսավորվում եւ ուղղորդվում են ամերիկյան իմպերիալիզմի կողմից: 2008-ին մեզանում նույնպես կային այդպիսի ակնարկներ, սակայն ավելի շուտ՝ «հուդամասոնական» թեքումով: Հիշո՞ւմ եք ընդդիմության հանրահավաքում Իսրայելի դրոշի պատմությունը: Բայց քանի որ Հայաստանում նման մեղադրանքները չափից դուրս անհեթեթ են հնչում, այդ թեման չխորացվեց:

Քանի քարոզչական ճակատում «հարաբերական անդորր է», եկեք արձանագրենք. ոչ մի դրսի ուժ՝ ոչ ԱՄՆ-ում, ոչ Եվրոպայում, ոչ Ռուսաստանում, շահագրգռված չէ մեր երկրում ոչ «նարնջագույն հեղափոխության», ոչ էլ ընդհանրապես իրավիճակի սրման մեջ: Խորհրդարանում հայտնվելու լուրջ հայտ ներկայացրած ցանկացած քաղաքական ուժի հաղթանակի կամ դրանց ցանկացած կոնֆիգուրացիայի, կոալիցիայի դեպքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի՝ չկա մեր քաղաքական դաշտում որեւէ խելագար, որը դուրս կգա միջազգային ասպարեզում Հայաստանին տրված չափազանց նեղ միջանցքից: Հետեւաբար՝ ոչ մի երկիր ու ոչ մի «ուժային կենտրոն» որեւէ շահագրգռվածություն չունի, որ ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն կազմեն սրանք կամ նրանք: Շատ հնարավոր է, որ մոտակա մեկուկես ամսվա ընթացքում քարոզիչները սկսեն այդ թեմաներով առասպելաբանություն հյուսել, բայց դա անլուրջ եւ անիմաստ զբաղմունք է:

Ավելի լավ է կենտրոնանալ մեր ներքին խնդիրների վրա՝ առանց «տղա բերելու» եւ մյուս կողմից՝ առանց այդ «տղաներով» հասարակությանը վախեցնելու: Ի վերջո, մենք մեր մանր խարդավանքներով որեւէ մեկի համար առանձնապես հետաքրքիր չենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031