Հատված կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Բաղդասարյան, քաղաքական կյանքում լրջագույն տրանսֆորմացիաներ են: Մշակույթի գործիչներից ոմանք կլինեն խորհրդարանում, օրինակ՝ Կարեն Ղազարյանը, Շուշան Պետրոսյանը։ Ի՞նչ եք կարծում, այս գործիչների խորհրդարան մուտք գործելով, արդյոք նոր որակի՞ խորհրդարան կունենանք։
– Այս օրերի ընթացքում ստիպված եմ եղել անդրադառնալ այս հարցին, մասնավորապես Շուշան Պետրոսյանի՝ խորհրդարան մտնելուն։ Իսկ ինչո՞ւ ոչ Շուշան Պետրոսյանը… Նայեք ներկայիս խորհրդարանի կազմը, կտեսնեք, որ հանգիստ կարելի է 30-40 հոգու փոխարինել Շուշան Պետրոսյանով եւ ոչ միայն նրանով։ Ուրիշ հարց, թե օրինակ, Շուշան Պետրոսյանի ինչին է պետք պատգամավոր դառնալ, բայց երեւի գտել է ինչ-ինչ դրդապատճառներ, եւ ես չեմ կարծում, որ դա վատ է։ Ես մի քանի անգամ հարցրել եմ, թե արդյոք բանվոր կա՞ մեր խորհրդարանում, ես բանվոր դասակարգից որեւէ մեկին եմ ուզում տեսնել, բայց գոյություն չունի։ Խորհրդարանը հիշեցնում է բիզնես ակումբ, մարդկանց խումբ, որոնք հարուստ են, մտել են խորհրդարան՝ պաշտպանելու իրենց բիզնեսը կամ մտել են, որ ավելի հարստանան, եւ սա ավելի վատ է, քանի որ նոր աղետ է սպասվում։
– Արդեն պատրաստ են կուսակցություններր համամասնական, նաեւ՝ մեծամասնական ցուցակները։ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ օլիգարխներ չեն լինի խորհրդարանում։ Ցուցակներին հասցրե՞լ եք հետեւել
եւ հուսադրո՞ղ են արդյոք դրանք։
– Ես երբեք չեմ թաքցնում, որ զզվում եմ քաղաքականությունից, ոչ թե որովհետեւ քաղաքականությունը վատ բան է, այլ ներկա քաղաքականությունից եմ զզվում։ Հետեւելով ցուցակներին՝ տեսա, որ
օլիգարխները նորից կլինեն խորհրդարանում եւ չեն կարող չլինել։ Չեմ կարծում խիստ տարբերություն կլինի նախկին խորհրդարանից։ Այդ խաղերն ինձ համար շատ ակնհայտ են, եւ ես չեմ տեսնում կուսակցությունների միջեւ գաղափարական տարբերություն։ Ես միշտ հարց եմ տալիս՝ ՀՀԿ-ի եւ
ԲՀԿ-ի տարբերությունը ո՞րն է, մեկը կարո՞ղ է արդյոք գաղափարախոսության տարբերությունը բացատրել, երբ անգամ նրանց ղեկավարները՝ Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը չեն կարող բացատրել իրենց կուսակցությունների տարբերությունները։ Այս երկուսը բիզնես-ակումբներ են, որոնց մեջ ընդգրկված են ինչպես կերակուրը՝ համեմունքներով, մի քիչ աղ
ու բիբարով տարբեր արվեստագետներ, գիտնականներ, բայց կուսակցության գաղափարախոսություն չկա։
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
«Ժամանակ»