Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի հանձնաժողովում քննարկումներ Ղարաբաղի շուրջ

Մարտ 22,2012 11:51

Եվրախորհրդարանի նիստը Ստրասբուրգում, արխիվային լուսանկար

Հինգշաբթի օրը եվրոպացի խորհրդարանականները պետք է քվեարկության դնեն մի փաստաթուղթ, որը Եվրամիություն – Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցություններին է վերաբերում եւ պարունակում է առաջարկներ Եվրոպական հանձնաժողովին, որոնք կարող են օգտագործվել այդ բանակցությունների ժամանակ: 

Մինչ այսօրվա քվեարկությունը առաջարկների այդ փաթեթը քննարկվել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, կատարվել են որոշ լրացումներ։

Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակը զրուցել է Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովատչեւի հետ, որի փոխանցմամբ` հիմնականում բանավեճը ընթացել է Ղարաբաղին վերաբերող կետի շուրջ:

«Քանի որ այս երկու երկրները [Հայաստանը եւ Ղարաբաղը] ունեն 20 տարի շարունակվող հակամարտություն` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը լուծված չէ, մեզ համար գլխավոր խնդիրը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հետեւյալն էր` ինչպե՞ս վարվել այդ հակամարտության հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, եւ արդյոք պե՞տք է կապակցել այս հակամարտության լուծումը Ասոցացման համաձայնագրի հետ», – ասել է եվրոպացի խորհրդարանականը` շարունակելով. – «Մեծամասնությունը կարծում է, որ չպետք է կասեցնել այս համաձայնագիրը հակամարտության պատճառով եւ պետք է փորձել խթանել կողմերին փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու հարցում: Ղարաբաղյան հարցի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, սակայն մենք նաեւ տարբեր կողմերից դժգոհություններ ենք լսում, որ Մինսկի խմբում գործընթացը չափազանց երկար է ձգձվում, եւ մենք փորձում ենք խթանել Եվրամիությանը` ավելի ակտիվորեն ներգրավվել հակամարտության լուծմանը»:

«Այսօրվա քննարկումը վերաբերում էր փաստաթղթի լրամշակումներին, մասնավորապես` այն կետին, թե արդյոք պե՞տք է ներառել Մինսկի խմբի ներկայացրած բոլոր հիմնարար սկզբունքները այս լրացման մեջ, թե՞ պետք է ընտրել եւ նշել մի քանիսը միայն: Իմ կարծիքով` իրավիճակը չվնասելու համար մենք պետք է նշենք բոլոր սկզբունքները եւ հակամարտության որեւէ կողմին հնարավորություն չտանք հայտարարելու, թե Եվրոպական խորհրդարանը սատարում է իրենց դիրքորոշումը», – հավելել է Կովատչեւը։

Անդրեյ Կովատչեւը կրկին շեշտել է, որ իրենց համար կարեւոր է անարգել մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ` թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի տարածքներից: Անհրաժեշտ է վստահությունն ամրապնդող միջոցներ ձեռնարկել` հաշտեցնելու համար «երկու համայնքներին»:

Կովատչեւը համարում է, որ երկու երկրների միջեւ վստահություն ստեղծող քայլ կարող էր լինել Հայաստանի մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթին, եւ ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը հրաժարվել է պատվիրակ ուղարկել Բաքու:

«Մենք հաշտեցման քայլերի կարիք ունենք, անհրաժեշտ է, որ երկու կողմերը խոսեն իրար հետ` եւ ոչ միայն [ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի] համանախագահների եւ երկրների նախագահների մակարդակով», – նշել է եվրոպացի խորհրդարանականը։

Անդրեյ Կովատչեւը վստահություն է հայտնել, որ շուտով Եվրամիության ներկայացուցիչները եւ Եվրախորհրդարանի պատգամավորները կկարողանան անարգել հատել շփման գիծը` թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերից, այս այցը ապահովելու համար այժմ բանակցություններ են ընթանում։

«Սա ամենավտանգավոր շփման գծերից է աշխարհում, կան դիպուկահարներ, ճանապարհները ականապատ են, այս նախաձեռնությունը պետք է երկու կողմից էլ հարյուր տոկոսանոց աջակցություն ունենա: Կարծում եմ, սա վստահություն սերմանող լավ միջոց է` նաեւ հենց ղարաբաղցիների համար, ովքեր կտրված են աշխարհից, ճանաչված չեն որեւէ մեկի կողմից, արտաքին աշխարհի հետ գրեթե շփում չունեն, եւ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության այս այցելությունը դրական քայլ կլինի նաեւ Ղարաբաղի ժողովրդի համար», – ասել է Կովատչեւը։

Ռուզաննա Ստեփանյան

Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031