Հատված «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Ղազարյան, հրապարակվեց ԲՀԿ համամասնական ցուցակը: Ձեր անունն այնտեղ չկար: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Երբ ես հայտարարեցի, որ ցանկանում եմ գնալ խորհրդարան, ենթադրում էի, որ հնարավոր է համատեղեի լրագրողական աշխատանքը: Սակայն ներսից ծանոթանալով գործընթացներին, նման համատեղությունն ինձ անհամատեղելի թվաց: Ես կամ պետք է լինեի լիարժեք պատգամավոր, կամ մնայի լրագրող: Եվ ես առաջարկեցի պարոն Ծառուկյանին ինձ չներառել համամասնական ցուցակի մեջ: Երկրորդ, ես մտածում էի, որ ապագա խորհրդարանը շանս ունի նախորդներից որակապես ավելի լավը լինելու, բայց երբ ծանոթացա տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակներին, հասկացա, որ խորհրդարան չգնալու իմ որոշումը լիովին արդարացված է:
– Ձեր և Ձեր նմանների ներգրավվածությունը տարբեր կուսակցությունների ցուցակներում չէ՞ր կարող փոխել խորհրդարանի պատկերը:
Կարդացեք նաև
– Որքան էլ կուսակցություններն իրարից տարբեր են, խորհրդարանը մեկ քաղաքական մարմին է, և խնդիրը ոչ մեկ մարդու, ոչ էլ մեկ կուսակցության մեջ է: Թե գործող խորհրդարանում, թե, վստահ եմ, ապագա խորհրդարանում կլինեն շատ արժանավոր մարդիկ, բայց խորհրդարանի ընդհանուր որակը, ցավոք, նրանցով պայմանավորված չի լինի:
–Ուզում եք ասել, որ նոր ձևավորվելիք խորհրդարանը Ձեզ և Ձեր նմաններին արժանի չէ՞: Ձեր ասածից այդ է բխում:
-Կարծում եմ` այս խորհրդարանը արժանի չէ ՀՀ որևէ քաղաքացու: Ցավոք, ծանոթանալով կուսակցությունների նախընտրական ցուցակներին, քիչ հավանականություն եմ տեսնում խորհրդարանի ընդհանուր որակի բարձրացման: Դա մեկ թիմով պայմանավորված չէ:
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»