Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ ոստիկանությունը պետք է խոստովանի, որ քաղաքական հետապնդում է իրականացնում Սուքիասյանի նկատմամբ, կամ էլ պետք է չեղյալ անի նաեւ Մադաթյանի տեղեկանքը

Մարտ 22,2012 11:33

 

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը «Սիլ կոնցեռնի» պատվավոր նախագահ, թիվ 10 ԸՏ-ում պատգամավորի թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանին տրված տեղեկանքը, ըստ որի՝ նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում, առոչինչ է ճանաչել այն հիմնավորմամբ, որ Սուքիասյանը վերջին հինգ տարում 10 ամիս 20 օր հանրապետությունից բացակայել է: ՀՀ ոստիկանությունը, սակայն, չի պատրաստվում չեղյալ անել վերջին հինգ տարում ավելի քան 17 ամիս ՀՀ-ում չբնակված, թիվ 11 ԸՏ-ում պատգամավորի թեկնածու առաջադրված ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանին (նկարում՝ աջից) տրամադրված համանման տեղեկանքը։ Հիշեցնենք, որ դեռեւս 2004-ի աշնանը Էդուարդ Մադաթյանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ Ոոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով։ Իսկ 2004-ի դեկտեմբերի 6-ից նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հետախուզման չորս տարիների ընթացքում բազմիցս մամուլում նշվել է, որ նա Հայաստանում չէ, ինչը հաստատել էր նաեւ ինքը՝ Մադաթյանը, 2008-ի օգոստոսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում, երբ չորս տարի դրսում մնալուց հետո, ստանալով ՀՀ գլխավոր դատախազի համաձայնությունը, որոշել էր վերադառնալ Հայաստան։ Այդ օրը «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահում, ի թիվս բազմաթիվ անձանց, նրան դիմավորողների շարքում է եղել նաեւ այդ ժամանակ դեռեւս Էրեբունու թաղապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը, որը Մադաթյանի խնամին է։

Օդանավակայանում լրագրողին տված հարցագրույցի ժամանակ՝ այն հարցին, թե ինչու է որոշել վերադառնալ, Էդուարդ Մադաթյանը պատասխանել է. «Այլ երկրներում ընդամենը հյուրի կարգավիճակում ես։ Ես չորս տարի դրսում տեսա՝ ինչ են զգում վտարանդիները… Ես եմ խնդրել, ես եմ դիմել, որ ինձ թույլ տան վերադառնալ… «(«Հրապարակ» օրաթերթ, օգոստոսի 14, «Եկել եմ, որ ճշմարտությունը բացահայտեմ»):

2009-ի հոկտեմբերի վերջին լուրեր տարածվեցին, որ Էդուարդ Մադաթյանը որոշել է մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվել 2010–ի հունվարի 10-ին թիվ 10ընտրատարածքում նշանակված ԱԺ լրացուցիչ ընտրություններում։ Այս ընտրատարածքի մանդատը թափուր էր մնացել Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո։ Սակայն, 2009-ի նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունը հրաժարվել է Էդուարդ Մադաթյանին տեղեկանք տալ վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու վերաբերյալ։ Մադաթյանին տեղեկանք չտրամադրելու մասին լուրը հաստատել էին նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունում («Հայկական ժամանակ», 11 նոյեմբեր 2009 թ., «Կդիմի՞ Մադաթյանը դատարան»):

Իսկ հիմա ՀՀ ոստիկանությունը Էդուարդ Մադաթյանին տեղեկանք է տվել՝ այն դեպքում, երբ նա այս տարվա մարտի 1-ից հաշված՝ վերջին հինգ տարվա 60 ամիսներից Հայաստանում գտնվել է 42 ամիս 18 օր, այսինքն՝ 17 ամիս 12 օր հանրապետությունից բացակայել է։ Այս իրավիճակը, ըստ էության, կարող է ունենալ երկու լուծում, կամ ոստիկանությունը պետք է խոստովանի, որ քաղաքական հետապնդում է իրականացնում Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ, կամ էլ պետք է չեղյալ անի նաեւ Էդուարդ Մադաթյանի տեղեկանքը։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031