Բռնցքամարտի Բուլղարիայի բազմակի չեմպիոն Եվգենի Բորիսովը, որ հույս ուներ Լոնդոնում հանդես գալ 69 կգ քաշային կարգում, զրկվել է օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից:
Նա փողոցում ծեծկռտուքի ժամանակ կոտրել է ձախ դաստակը, գլխուղեղի ցնցում եւ աջ ձեռքի վնասվածքներ է ստացել: Մարզիկը երեկոյան ընկերուհուն՝ Միլենային, տուն ճանապարհելիս է եղել, երբ նրանց կողքին կանգնել է մի ավտոմեքենա, որի միջից ինչ-որ տղաներ սկսել են հայհոյանքներ տեղալ: Բանը հասել է ծեծկռտուքի, որի ժամանակ մետաղաձողերով զինված այդ ամրակազմ տղաները ծեծել են բռնցքամարտիկին: Մարզիկը տեղափոխվել է Բոբով-Դոլ քաղաքի հիվանդանոց: Ոստիկանության տվյալներով կռվին մասնակցել է 14 մարդ: «Ես խիստ զայրացած եմ, որովհետեւ սա իմ օլիմպիական երազանքի վերջը եղավ», – լրատվամիջոցներին հայտարարել է Բորիսովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ