Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը դպրոցի շենքում կուսակցական ժողով է անում եւ կուսակցական տոմսեր բաժանում, իսկ դուք կպել եք Մանվել Գրիգորյանին

Մարտ 22,2012 11:12

ՀՀԿ նախընտրական ցուցակի հրապարակումը նորովի լիցք հաղորդեց «Երկրապահ» կամավորների եւ Մանվել Գրիգորյանի մասին հոդված գրողներին։ Անխտիր նույն նվնվոցն է՝ մի հալալ-զուլալ բան էր մնացել, այն էլ քաղաքականացրեցին։ Հետաքրքիր է, թե ինչ պետք է անեին երկրապահներին ու Մանվել Գրիգորյանին՝ թանգարա՞ն պիտի տանեին, ազգային արժե՞ք պիտի հռչակեին։ Իսկ գուցե մի վանք շինեինք ու հռչակեինք երկրապահ կամավորական մենաստա՞ն։ Ի՞նչ է պատահել ի վերջո։ Մանվել Գրիգորյա՞նն է հայտնվել ՀՀԿ ցուցակում։ Վախ, վախ, վախ։ Լավ է արել։ 250 մարդ է հայտնվել՝ ձայն չեք հանում, կպել եք Մանվել Գրիգորյանի՞ն։

Այս թեմայով հոդված գրողները հավանաբար մտածում են, թե «Երկրապահը» վերջացավ, դարձավ գործող նախագահի կուսակցության կցորդ։ Մոռացեք այս մասին։ Եթե Մանվել Գրիգորյանն իր համագումարով մի քանի երկրապահների կողմնորոշեց դեպի ՀՀԿ, ապա տասն անգամ, քսան անգամ ավելի երկրապահների էլ խրտնեցրեց ՀՀԿ-ից։ Սա դեռ անկուսակցականների մասին։ Իսկ թե որքանով ՀՀԿ-ացան ՀԱԿ կամ ՀՅԴ անդամ երկրապահները՝ դատեք ինքներդ։ Եվ առհասարակ, «Երկրապահն» այն կառույցը չէ, որ համախմբվելով կարողանա ազդել ներքաղաքական այս կամ այն գործընթացի վրա։ Կարող է, իհարկե, իր հայտարարություններով, իր կազմի հայտնի դեմքերի ունեցած անձնական լծակների շնորհիվ փոքրիկ հարցեր լուծել, բայց բուն պրոցեսը շրջել «Երկրապահն» ի զորու չէ։ Պատճառի մասին ասացինք՝ դա «Երկրապահի» բազմաբղետ կառուցվածքն է։ Խոսքը չի վերաբերում միավորման բուն առաքելությանը՝ հայրենիքի պաշտպանությանը, որտեղ կառույցը միասնական է առանց վերապահումների։

Ընդունեք, որ երկրապահ կամավորի չափ լծակ ունի յուրաքանչյուր համատիրության նախագահ, լույսի, գազի, ջրի մարդ եւ այլն։ Առավել ազդեցիկ են բուհերի ռեկտորների, դպրոցների տնօրենների, մանկապարտեզների վարիչների լծակները, անհամեմատ ներգործուն են առողջապահության ոլորտի լծակները։ Հիմա ասացեք, խնդրեմ, ինչո՞ւ եք կպել «Երկրապահից»։ Վարչապետը դպրոցի շենքում կուսակցական ժողով է անում եւ կուսակցական տոմսեր բաժանում, իսկ դուք կպել եք Մանվել Գրիգորյանին։ Պետական հիմնարկների բժիշկները մարզերն ընկած՝ կուսակցական անվճար բուժում են իրականացնում, դուք ընկել եք պեչենու բաղերը, թե՝ աման, հասեք, Մանվել Գրիգորյանը «Երկրապահին» տարավ ՀՀԿ։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031