Հայտարարում եմ, որ վերանայել եմ ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգով որպես պատգամավորության թեկնածու առաջադրվելու մասին իմ նախնական որոշումը: Չառաջադրվելուս որոշումը պայմանավորված է հետեւյալ գործոններով: Դրանք բողոք են.
– առանձին լրագրողների եւ լրատվամիջոցների անվայել ու քստմնելի պահվածքի դեմ, նրանց կողմից ազնիվ մրցունակ թեկնածուներին քաղաքական պատվերով նախապես անվանարկելու, ստեղծված բանսարկու եւ պիղծ տեղեկատվական ճահճի դեմ:
Չառաջադրվելուս որոշումը բողոք է անհավասար պայմաններով մցակցության եւ արհեստական խոչընդոտների միջոցով անհաղթահարելի օրենսդրական սահմանափակումների դեմ: Բողոք է ընտրացուցակների առնվազն 25%-անոց ուռճացվածության եւ էլեկտրոնային քվեարկությունների արդյունքներն իրականության հետ համապատասխանությունը ստուգելու գործնական անհնարինության դեմ:
Չեմ առաջադրվում, որովհետեւ կործանարար ներդաշնակություն եմ տեսնում ընտրող-ընտրվողների մեծամասնությունների միջեւ, տեսնում եմ, որ զգալիորեն պակասել է իմ կերպի անձանց գործունեության եւ անձիս վայել ընտրազանգվածը…
Կարդացեք նաև
Չեմ առաջադրվում՝ անսալով հարազատ-ընկեր-բարեկամներիս՝ առողջությունս ավելորդ չքայքայելու ու պատիվս խնայելու հորդորներին… Վերոգրյալն ապացուցում է, որ նվաստիս անմնացորդ ու անաչառ ծառայությունները (1990-95թթ.՝ ՀՀ ԳԽ-ում եւ 1999-2007թթ.՝ ՀՀ ԱԺ-ում) չեն համապատասխանում այսօրվա ընտրողի պահանջմունքներին, որ կան ինձանից արժանավոր բազմաթիվները, վկա՝ հրապարակ նետված՝ «ազգային» ու պահպանողական», աղանդավորական ու դեմոկրատական, նույնիսկ սուտ ցեղակրոնական եւ անհավատ քրիստոնեական խառնացուցակները…
Աղասի ԱՐՇԱԿՅԱՆ
21.03.2012թ.