Լրահոս
Օրվա լրահոսը

Նորվեգիայի հայերի բաց նամակը ի պաշտպանություն Մաշտոցի այգու ակտիվիստների

Մարտ 22,2012 09:53

Բաց նամակ

Մաշտոցի այգու խնդրի շուրջ համախմբված հարգելի ակտիվիստներ, հարգելի երևանցիներ,

Սույն նամակով Նորվեգիայի հայերս զորակցություն ենք հայտնում ձեր բնապահպանական նախաձեռնությանը:

Մենք խորապես մտահոգված ենք Մաշտոցի այգու և Թեղուտի անտառների շուրջ ծավալվող խնդրով, և մշտապես հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Մենք միանում ենք ձեր պահանջին՝ դադարեցնելու այգու շինարարությունը, ապամոնտաժելու կրպակները և տարածքը հանձնելու իրական տերերին՝ Երևանի բնակիչներին:

Անընդունելի և անօրինական ենք համարում այն, որ հանրային տարածքն օգտագործվում է ի նպաստ մասնավոր շահի (նույնիսկ եթե այն ժամանակավոր է), այլ ոչ թե ի նպաստ հանրային շահի: Խնդիրը հատկապես մտահոգիչ է, երբ ներկայումս Երևանում, և ընդհամրապես Հայաստանում, կանաչ տարածքներն ավելի ու ավելի վտանգված են դառնում: Մենք քաջատեղյակ ենք այգու շինարարության շուրջ ծավալվող օրինախախտումներին, և դատապարտում ենք ոստիկանության ոչ իրավապաշտ գործողությունները: Միևնույն ժամանակ, շինարարությունը դադարեցնելու և կրպակները հեռացնելու ձեր պահանջները համարում ենք օրինական:

Մենք նաև խորապես գնահատում ենք այն մարդկանց, հատկապես երիտասարդների, քաղաքացիական ակտիվությունը, ովքեր ներգրավված են այգու նախաձեռնության մեջ, արտահայտում են իրենց կարծիքը, և ձգտում են կերտել ավելի լավ, կանաչ և օրինական երկիր: Երկիր, որի քաղաքացիները նախընտրում են ձմռան ցուրտ գիշերներն անցկացնել բացօթյա այգում, քան թե մնալ անտարբեր և անմասն՝ իրենց փակ բնակարաններում: Մենք համարում ենք, որ այս իրադարձությունները հանրային շահը պաշտպանելու և անարդարության մասին բարձրաձայնելու նախադեպ և լավ օրինակ կարող են դառնալ: Անկասկած, Մաշտոցի այգու օրինակը կարող է քաջալերել բոլորին՝ բարձրացնելու քաղքացիական կարծիքը և հանրային մաս լինելու զգացողությունը, ինչն այնքան պակասում է ներկայումս:

Մենք նաև դիմում ենք Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և սփյուռքի համայնքներին՝ հետամուտ լինելու այս խնդրին և արտահայտելու իրենց աջակցությունը ակտիվիստներին: Դուք մեծապես ներգրավված եք Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերում, և, հետևաբար, չեք կարող անմասն մնալ նման դեպքերում: Դուք պետք է հետևեք, թե ինչպիսի արդյունքներ է ունենում Ձեր համագործակցությունը Հայաստանի տարբեր կառույցների հետ:

Ուրախությամբ տեղեկացանք այն մասին, որ Նորվեգիայի Արտաքին Գործերի նախարարությունը Հայաստանի Ծառերի Ծրագիր կազմակերպությանն է տրամադրել  1.2 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ դումարը մասամբ պետք է օգտագործվի Հայաստանի հյուսիսում անտառների վերականգնան համար, մինչդեռ, հենց նույն հյուսիսում արդեն գոյություն ունեցող Թեղուտի հսկա անտառները ոչնչացվում են հանքարդյունաբերության համար, արդյունաբերություն, որից օգուտ կքաղեն միայն քչերը, բայց որը կվնասի մեծամասնությանը:

Հուսով ենք, որ պատասխանատու մարմինները ճիշտ որոշում կկայացնեն խնդրի վերաբերյալ, և դուք, սիրելի բնապահպաններ, շուտով կնշեք ձեր ձայնի վաստակած հաղթանակը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031