Լրահոս
Օրվա լրահոսը

Որդու պարտքերի պատճառով դաժանաբար սպանել են մորը

Մարտ 21,2012 23:16

Այսօր՝ մարտի 21-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.50-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Արտաշատի բաժին, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը կնոջ դիակ կա:

Շտապ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Եգոր Անտոնյանի, ոստիկանության Արարատի մարզային վարչության քննչական բաժնի պետ Թեմուր Ջնդոյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Սպանության վայրում է նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը:
Նշված տանը ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 74-ամյա թոշակառու Չինար Խուդոյանի դիակը: Դիակի կողքին հայտնաբերվել է նաև խոհանոցային արյունոտ դանակ: Իսկ դիակի վրա դրված է եղել մի գրություն: Դեպքի վայրում հավաքված հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ գրության մեջ մասնավորապես գրված է եղել. «Էս քո տղու համար: Ինքը տարավ մեր փողերը: Ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ ա»:
Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ սպանվածի որդին գտնվում է հետախուզման մեջ՝ մի շարք խարդախություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում է:
Դատաբժշկի տված նախնական եզրակացությամբ, դիակի վրա, մասնավորապես, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում, կան կտրած-ծակած բազմաթիվ վերքեր:
Դիակը հայտնաբերվել է նշված տան խոհանոցում՝ հատակին ընկած վիճակում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Այս պահին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստեղծվել են օպերատիվ մի քանի խմբեր, ովքեր տարբեր ուղղություններով աշխատանքներ են կատարում՝ բացահայտելու համար զարհուրելի սպանությունը: Խմբերից մեկը ղեկավարում է Արտաշատի բաժնի պետը, մյուսը՝ Արտաշատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Մկրտչյանը:
Դեպքի վայր են բերվել նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության տեսուչ-շնավարները, ովքեր ծառայողական շներով սպանության վայրում որոնողական աշխատանքներ են կատարում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ նշված տունը գտնվում է Ջրաշենի գյուղապետարանին հարակից փողոցում:
74-ամյա Չինար Խուդոյանն ապրում էր իր ամուսնու՝ 73-ամյա Թորգոմ Խուդոյանի հետ:
Ի դեպ, հաշվի առնելով կատարված հանցագործության վտանգավորությունը՝ սպանության վայր է ժամանել նաև Արարատի մարզի դատախազը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031