Orange Հիմնադրամը եւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական եւ մարզական դաստիարակություն:
Լոռու մարզի Թեղուտ գյուղի նորակառույց մանկապարտեզն այսուհետ իր 40 սաներին կընդունի գեղեցիկ կահավորված շենքում, որը նաեւ համալրված է ժամանակակից ջեռուցման համակարգով: Թեղուտն ունի 900 բնակիչ, որոնց բնականոն կյանքի կազմակերպման համար մանկապարտեզն ունի կենսական նշանակություն: Այն ոչ միայն թույլ է տալիս երեխաներին նախադպրոցական կրթություն ստանալ եւ փոքր տարիքից հասարակության անդամ դառնալ, այլ նաեւ մասնավորապես գյուղի կանանց աշխատանք ունենալու հնարավորություն է տալիս:
«Երեխաները միշտ են եղել Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Մեզ համար երեխաների, նրանց կրթության, դաստիարակության, մշակութային զարգացման հարցերն ամենակարեւորներից են երկրի համար, քանի որ յուրաքանչյուր երկրի ապագա հաջողությունները կախված են երեխաների նկատմամբ մեր ցուցաբերած այսօրվա ուշադրությունից: Այն ֆինանսավորումը, որն ուղղվում է դեպի երեխաները, կարելի է համարել իսկական երկարաժամկետ ներդրում: Սա թվով 7-րդ մանկապարտեզն է, որին մենք աջակցում ենք կահավորման կամ ջեռուցման համակարգի ձեռք բերման համար: Ուրախ ենք «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ արդեն երկու տարի առաջ մեկնարկած այս համագործակցության համար, որը, հուսով ենք, դեռ երկար պատմություն է ունենալու»,- ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:
Կարդացեք նաև
Թեղուտի մանկապարտեզը կառուցվել է համայնքի միջոցներով 2011թ.: Մանկապարտեզի կազմակերպչական ծախսերի ինչպես նաեւ խաղալիքների եւ գրականության համար իր ներդրումն է ունեցել նաեւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը:
Ջեռուցման համակարգի ու կահավորման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 10 710 000 դրամ:
Orange Հիմնադրամի մասին
Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է 2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ’Իվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան եւ Դոմինիկյան Հանրապետությունը: 1987 թվականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական եւ մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար:
Orange Արմենիա Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաեւ առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:
Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների եւ Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում: