Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկզբում շատ դժվար էր, բայց հետո սկսեցի ճաշերի իրական համը զգալ»

Մարտ 21,2012 21:56
25-ամյա Գայանեի համար աղն իր օրուտեստի անբաժան մասն է: Ըստ նրա` աղն է այն միակ սննդի բաղադրիչը, որն ուտեստին հաղորդում է լիարժեք համ: «Եթե օրվա ճաշատեսակը ընտանիքիս անդամների համար աղի է, ապա ինձ համար անալի: Շատ եմ փորձել քիչ օգտագործել, բայց չի ստացվում: Ճաշ պատրաստելիս չեմ գտնում աղի այն չափը, որը հաճելի լինի բոլորին»,- ասում է Գայանեն: Դրա համար երեք տարի է, ինչ ճաշ պատրաստելիս որոշել է բացարձակ աղ չօգտագործել` թողնելով այն ճաշակողների ցանկությանը:

Աղի սահմանափակման խորհուրդները իրենք իրենց չեն առաջացել. աղային մթերքների ավելցուկը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի պահման, հիպերտոնիայի, երիկամների, սրտի և անոթների ծանրաբեռնումների բարձրացման: Մյուս կողմից, ստամոքսի ցածր թթվայնության, ինտենսիվ քրտնելու դեպքում աղի կիրառումը կարող է օգտակար լինել: Բժիշկ-դիետոլոգ Կարինե Սահակյանը հիշեցնում է, որ թունավորման դեպքում կանխել թունավոր երևույթների թափանցումը արյան մեջ կարելի է աղաջրի կիրառման շնորհիվ:

Երբ մարդն առաջին անգամ աղ ճաշակեց, որտեղ և ինչպես, ոչ ոք չգիտի (խոսքն, իհարկե, բոլորիս հայտնի կերակրի աղի մասին է): Հնարավոր է, որ նախամարդը նկատել է, թե ինչպես վայրի կենդանին սպիտակ քար է լիզում, ու հետևելով նրա օրինակին, ինքը նույնպես ճաշակել և ճանաչել է աղը:

Հին աշխարհում աղ ստանալու համար գոլորշիացնում էին ծովի ջուրը: Կենտրոնական Աֆրիկայի բնակիչների համար աղն անհիշելի ժամանակիներից ի վեր ծառայել է որպես ապրանքափոխանակության միավոր: Որոշ երկրներում աղն ավելի թանկ է գնահատվել, քան երկաթը և արծաթը: Հայտնի է, որ Կեսարի բանակում զինվորների աշխատավարձը տրվում էր աղով:

Միկրոէլեմենտները, որ առկա են սովորական աղում (նատրիում, քլոր, յոդ), օգնում են կարգավորել գրգռման պրոցեսները և դանդաղեցումները նյարդաթելերում, մասնակցել մկանների թուլացմանը, պահպանել արյան քիմիական կազմը: Այս էլեմենտները կարելի է գտնել նաև այլ առավել յուրացվող տեսքով` բանջարեղեններում  և բանջարեղենների հյութերում, բայց դրա համար այս բաջարեղենները պետք է մշտապես գտնվեն մեր սեղանին: Հիպերտոնիկ հիվանդության, երիկամների և սրտային անբավարարության, ստամոքսի խոցի, շաքարային դիաբետի և ռևմատիզմի դեպքում աղը ավելի լավ է նվազեցնել մինչև նվազագույնի կամ ընդհանրապես բացառել օրուտեստից: «Այն, որ առանց աղի ուտելիքներն անհամ են, այդպես չէ, քանի որ դա միայն սովորության հարց է: Ճիշտ հակառակը, ուտելիքների իսկական համը մարդ առնում է, երբ սովորում է ուտել դրանք առանց աղի, – ասում է ատամնաբուժ Դավիթ Վարդանյանը և հավելում, – դրանում անձամբ համոզվելու առիթ եմ ունեցել, թեև երբեք էլ առանձնապես աղակեր չեմ եղել: Մի շրջան փորձել եմ ընդհանրապես աղ չօգտագործել, նույնիսկ ճաշերի մեջ: Ճիշտ է, սկզբում շատ դժվար էր. բոլոր ճաշերն անհամ էին թվում ու մի կերպ էի ուտում, բայց հետո քիչ-քիչ ընտելացա, ու սկսեցի ճաշերի իսկական համը զգալ»:

Բժիշկ–դիետոլոգ Կ. Սահակյանը խորհուրդ է տալիս օրուտեստում ծովամթերքների անբավարար քանակության դեպքում օգտվել յոդացված աղից, բայց եթե ցանկանում եք միայն դրա օգնությամբ ստանալ յոդի օրական չափաբաժին, ապա աղ արեք արդեն պատրաստի սննդին, քանի որ տաքացման դեպքում յոդը կկորցնի իր հատկությունները:

Երբ հյուր ես գնում կամ ինչ – որ սննդի կետ ես այցելում, որտեղ քեզ մատուցում են իրենց ուզած չափաբաժնով աղով համեմված ուտեստներ, ու եթե նման դեպքերը շատ են, արդեն կամա թե ակամա մարդ սկսում է սովորել աղի հենց այդ չափաքանակին, իսկ դա կարող է և չափից շատ լինել: Սրտային հիվանդությունների դեպքում բժիշկը առաջարկում է ձեռք բերել կալիումա – մագնիումային աղ` նատրիումի ցածր քանակությամբ: Սակայն այս դեպքում պետք է ուտել չոր մրգեր, բանաններ և այլ մթերքներ, որոնք հարուստ են կալիումով և մագնիումով:

 

 

 

Ալվարդ Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031