Երևի բոլորն էլ եղել են մետրոյում, ավտոբուսում կամ էլ եթե ոչ, ապա աղմկոտ փողոցներում հաստատ եղած կլինեն: Իսկապես աղմուկն անտանելի է: Դրան դիմակայելու համար ոմանք եղածը խլացնում են էլ ավելի բարձր աղմուկով. միացնում են նվագարկիչներ կամ բջջային հեռախոսներ և ականջակալներով լսում հաճելի «աղմուկ»: Սակայն աղմուկի այս տեսակը անմիջականորեն ազդում է մարդկանց` ավելի հաճախ երիտասարդների լսողական ապարատի վրա: Եվ սա արդեն գերխնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: «Առանց այն էլ մարդու ֆիզիոլոգիական զարգացումն այնպիսին է, որ աճի հետ մեկտեղ առաջ են գալիս լսողության հետ կապված խնդիրներ: Եթե դրան էլ գումարենք ականջակալների ազդեցությունը, վիճակն էլ ավելի կբարդանա», – ասում է «Արմենիա» բժշկական կենտրոնի ականջի միկրովիրաբուժության բաժանմունքի բժիշկ Արմինե Պետրոսյանը և ավելացնում,- եթե մեր երիտասարդները չեն ուզում քառասունին մոտ տարիքում փոխել ականջակալները լսողական սարքերով, ապա պիտի նվազեցնեն դրանց գործածությունը»: Ականջակալների հասցրած վնասն անվիճելի փաստ է և դրա մասին գիտեն գրեթե բոլոր դրանք օգտագործողները: Սակայն քչերն են պատրաստ հրաժարվելու դրանցից: Համացանցում համապատասխան թեմայով քննարկումներում հանդիպեցի մի քանի ծայրահեղ կարծիքների, որոնք թողել էին 18-25 տարեկան երիտասարդները. «Չեմ կարող հրաժարվել դրանցից, եթե իսկապես վտանգավոր են, ստիպված եմ խլանալ» «Ի՞նչ անենք, հաշմանդամ կդառնամ, բայց չեմ հրաժարվի ականջակալներից: Հեչ պետքս էլ չի: Վերջին մի քանի տարիներին ականջակալները դարձել են իմ կյանքի անբաժան մասը» և շատ նման այլ կարծիքներ: 18-ամյա Քրիստինեն ասում է, որ ստիպված է օգտվում դրանցից: Նա էլ է օգտվում հասարակական տրանսպորտից, իսկ այնտեղ կարող ես հանդիպել վարորդի կողմից ստիպողաբար թելադրվող անճաշակ և ցածրորակ երաժշտությունից մինչև բացարձակ տհաճ հեռախոսազրույցներ. «Այսքանից հետո էլ ի՞նչ անեմ. մնում է միայն դիմել ականջակալների օգնությանը», – ասում է Քրիստինեն: Իսկ Աննան հազվադեպ է լինում առանց ականջակալների: Նա անգամ գիրք կարդալիս է ականջակալներով երաժշտություն լսում: Նա ասում է, որ դրանք օգնում են իրեն ավելի կենտրոնանալ և կտրվել աշխարհից: Իսկապես վիճակն անհուսալի է: Սակայն, անգամ այս դեպքում կարելի է ամեն ինչ անել այնպես, որ հնարավորինս նվազեցնենք դրանց բացասական ազդեցությունը: Մասնագետներն ու բժիշկներն խորհուրդ են տալիս երաժշտություն լսելիս օգտվել միմիայն սպունգե համապատասխան գլխիկ ունեցող ականջակալներից և հնարավորինս ցածր մակարդակի բարձրությամբ: Սակայն երբեմն երաժշտության բարձրության աստիճանը որոշելն էլ բավականին լուրջ խնդիր է: Այսպես, եթե պայմանականորեն ընդունենք երաժշտության ամենաբարձր մակարդակը 100, ապա մարդու ականջները մինիմալ վնաս կստանան մաքսիմալ 60 տոկոս բարձրությունից: «Վերջին ժամանակները «Արմենիա» բժշկական կենտրոն ականջի խնդիրներով դիմած այցելուների թիվը կտրուկ աճել է»,- փաստում է բժիշկ Պետրոսյանը, սակայն նա խուսափում է այդ կտրուկ աճը միանշանակ կապել ականջակալների ազդեցության հետ` չբացառելով նաև հակառակը:
Ռուզաննա Մարտիրոսյան