Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ին խնդրում են, որ իրենց 3 նախարարների պորտֆելները հետ վերցնեն (Տեսանյութ)

Մարտ 21,2012 20:45

Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Aravot.am-ի խնդրանքով վերլուծեց մյուս կուսակցությունների համամասնական ցուցակները: Առաջիկայում ՀՅԴ-ն պատրաստվում է համադրել այդ ցուցակներն ու նախընտրական ծրագրերը եւ գնահատել՝ տվյալ թիմն ի վիճակի՞ է կատարել ծրագիրը, թե՞ ոչ: «Ցուցակը հո հենց այնպես չի՞, ցուցակը պետք է համապատասխանի իրենց գրած ծրագրերի իրականացմանը»,-վստահեցրեց պարոն Ռուստամյանը: Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ ներկայացուցիչներն ասում են՝ ցուցակը մեր դիմանկարն է՝ նա պատասխանեց. «Իրենց դիմանկարը մենք տեսել ենք: Այս ամբողջ ընթացքում իրենց դիմանկարը պարզ երեւացել է: Մի բան է ինձ համար բացարձակապես անհասկանալի եւ անընդունելի, որ հանրապետության նախագահը գլխավորում է համամասնական ցանկը: Այսինքն այսօր հանրապետության նախագահը դառնում է պատգամավորության թեկնածու: Սա նոնսենս է, եւ երեւի միայն մեզ մոտ է այդպիսի բան հնարավոր: Կարող է Ռուսաստանի տարբերակով են առաջնորդվել, բայց Ռուսաստանում Մեդվեդեւը պարզ էր, որ նախագահ չի դառնալու եւ պարզ էր, որ սա իր վերջին ժամկետն էր, որ ավարտվելու է: Այդպես չի կարելի: Հանրապետության նախագահը պետության գլուխն է, եւ պետության գլուխն այսօր դառնում է պարզ, մեզ հետ հավասար պատգամավորության թեկնածու»:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» ցուցակին, այնտեղ Արմեն Ռուստամյանի համար անընդունելի էր Թեւան Պողոսյանի ներկայությունը. «Այնտեղ մարդիկ կան, օրինակ մեկը շատ ակտիվ դեմ է եղել հայ-թուրքական արձանագրությունների՝ ՀՅԴ-ի մոտեցումներին : Չնայած «Ժառանգությունը» միացել է «Ոչ»-ի շարժմանը, «Ազատ դեմոկրատներն» էլ շատ հարցերում պաշտպանում է մեր մոտեցումները՝ որպես կուսակցություն, այսինքն դեմ էին այս արձանագրություններին, կարող է ոչ ամբողջական փաթեթով, որ մենք էինք ասում, բայց մեկը այդ ցուցակում կա, որ ջատագովն էր ու կրքոտ պաշտպաննն էր այդ արձանագրությունների՝ Թեւան Պողոսյան»:

Տարիներ առաջ՝ 2009-ի ապրիլի 27-ին ՀՅԴ-ն պաշտոնապես կաոլիցիայից դուրս եկավ, ինչպես նաեւ հրաժարվեց կառավարությունում եւ խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից՝ հանձնելով 3 նախարարների պորտֆելներ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը Արսեն Համբարձումյանն էր, կրթության եւ գիտության նախարարը՝ Սպարտակ Սեյրանյանը եւ գյուղատնտեսության նախարարը` Արամայիս Գրիգորյանը, որին հիմա ընդգրկել են համամասնական ցուցակի անցողիկ տեղում՝ 8-րդ հորիզոնականում: Մենք պարոն Ռուստամյանից հետաքրքրվեցինք՝ չե՞ք զղջում, որ կոալիցիայից դուրս եկաք եւ պորտֆելները հանձնեցիք, այսօր ավելի մեծ լծակներ կունենայիք՝ նա պատասխանեց. «Բացարձակ զղջում չկա: Մենք պորտֆելը պահելու հարց չունենք, այսօր էլ են մեզ խնդրում, որ նույն պորտֆելները հետ վերցնենք: Բայց հարցը հո պորտֆելնե՞րը չեն, ի՞նչ պիտի անենք, երկիրը ինչպե՞ս փոխենք, մեր ուղեգիծը չի փոխվում: Մեր առաջ քաշած ծրագրերը չեն ընդունվում: Մենք էլ ասում ենք՝ ձեր ծրագրերով երկիրը հասել է այս տխուր իրավիճակին: Սա փոխելու համար այս քայլերը պետք է կատարվեն, եթե դա չեն ընդունելու, ինքնանպատակ կառավարության մաս կազմելն ի՞նչ իմաստ ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031