Լրահոս
Օրվա լրահոսը

«Անօրինական է», բայց…. (տեսանյութ)

Մարտ 21,2012 19:58

Այսօր կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը բարձրացրեց «Փակ շուկայի» հարցը: Նա նկատեց, որ մարտի սկզբին շինարարական աշխատանքների արդյունքում քանդվել է  պետության կողմից հաշվառված և պահպանվող, հուշարձանների  ցանկում գտնվող Երևանի «Ծածկած շուկայի» բետոնածածկ տանիքի  մեկ երրորդը, իսկ կառույցի հետնապատին լուրջ վնասներ են հասցվել: «Լիազոր մարմինը` Երևանի «Փակ շուկայի» տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը չի տրամադրել  թույլտվություն տվյալ հուշարձանի կառուցապատման, ամրակայման, փոփոխման կամ բարեկարգման նախագծերի վերաբերյալ: Ավելին, նախարարության գիտամեթոդական խորհրդում` 30.05.2011, կառուցապատողի առաջարկ-նախագիծը գտնվել է ոչ նպատակահարմար: Չհաստատված նախագիծը, սակայն, չի կաշկանդել կառուցապատողին խախտել և արհամարհել ՀՀ մի շարք օրենքներ, իրականացնել ապօրինի- ինքնակամ շինարարություն, որը «ՀՀ Քրեական օրենսգրքի» հոդված 264-ով  սահմանվում է, որպես «Պատմության  և մշակույթի հուշարձանների ոչնչացում կամ վնասում»: Ըստ էության, օրենքով  իրեն վերապահված պարտականությունների և լիազորությունների շրջանակում, համապատասխան վերահսկողական աշխատանքներ չի իրականացրել նաև լիազոր մարմինը` կանխելու հուշարձանի ոչնչացմանը կամ վնասմանն ուղղված գործողությունները»,-նշեց տիկին Գալստյանը եւ ավելացրեց.«Ըստ էսքիզային նախագծի և արդեն իսկ սկսված աշխատանքների, նախատեսվում է շուկայի շենքի ապամոնտաժում բացի գլխավոր ճակատային մասից, հարկայնության փոփոխություն, գերծանրաբեռնված քաղաքաշինական միջավայրում ստորգետնյա կայանատեղերի և պահեստի կառուցում: Արդեն իսկ կառուցապատողի` չհաստատված, բայց իրականացման փուլում գտնվող նախագիծը քաղաքաշինական մի շարք նորմերի, СНИП 6.37, 6.39 3, 4 կետերի խախտում է արձանագրում»:

Այսքանն արձանագրելուց հետո` պատգամավորը հետաքրքրվեց կառավարությունից` «Կհարգվե՞ն, արդյոք, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով ամրագրված պարտականությունները, որոնք, ի թիվս մշակութային, քաղաքաշինական և բնապահպանական նորմատիվների, կհարգեն նաև ՀՀ քաղաքացիների իրավունքները` ապահովելով նրանց մասնակցությունը իրենց կենսագործունեության միջավայրում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին»:

Պատասխանով հանդես եկավ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Տիկին Պողոսյանն ընդունեց, որ նախագիծը չհաստատված է, սակայն իր խոսքում հանրային շահ-օրենքներ դաշտում պաշտպանեց ներդրողի «իրավունքը»: Նա ասաց, որ մշակույթի նախարարությունը ստացել է միայն ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման նախագիծ, այնինչ այդ տարածքի վերգետնյա հատվածի վերաբերյալ որևէ նախագիծ չի եղել, հետեւաբար այն ամենն ինչ արվել է վերգետնյա հատվածում, եղել է անօրինական:

Տեսանյութը` «Ա1+»-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031