Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» թեկնածուի մրցակիցը գլխավոր դատախազի եղբայրն է

Մարտ 21,2012 19:43

Երեւանի Աջափնյակ համայնքի թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերն այսօր ԸԸՀ-ին հանձնեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ եւ խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Աջափնյակի թաղապետ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը, նաեւ ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը, որը 2007-ի ԱԺ ընտրություններում  եւս առաջադրվել էր այս նույն ընտրատարածքում, բայց «Դաշինք» կուսակցության կողմից:

Aravot.am-ի հարցին՝ իրեն չի՞ անհանգստացնում արդյոք, որ այս ընտրատարածքում իր մրցակիցը գլխավոր դատախազի եղբայրն ու համայնքի ղեկավար Ռուբեն Հովսեփյանն է, ու ինչպե՞ս է գնահատում այդ պարագայում իր ընտրվելու շանսերը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ, չի անհանգստացնում: Ես դեռ մեկ տարի առաջ էի որոշել, որ առաջադրվելու եմ այս ընտրատարածքում, թեեւ այն ժամանակ խոսվում էր այլ  թեկնածունների մասին: Ինչ վերաբերում է ընտրվելու իմ շանսերին՝ ապա եթե վարչական լծակները գործի չդրվեն եւ կրիմինալի օգտագործում էլ բացառենք՝ ես կընտրվեմ»:

Իսկ հավատո՞ւմ է, որ վարչական լծակներ չեն կիրառվի կամ «թաղի տղերքը» չեն միջամտի՝ «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց, թե դա արդեն կախված է ընտրողներից. ինչպե՞ս նրանք իրենց կդրսեւորեն եւ արդյոք չե՞ն տրվի ընտրակաշառք ստանալու գաղթակղությանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել