Լրահոս
Օրվա լրահոսը

Բրադկեն լավատես է

Մարտ 21,2012 17:48

Փակել Ռոբերտ Բրադկեն հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Վաշինգտոն, 20-ը մարտի, 2012թ.

Ղարաբաղյան խնդրի հակամարտող կողմերը այսօր ավելի մոտ են համաձայնությանը, քան իրենք կարծում են` պնդում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, վերլուծելով երկու տասնամյակ շարունակվող բանակցությունները։ Եվս 20 տարի անց հակամարտությունը կարգավորված կլինի` կարծիք է հայտնում ամերիկացի դիվանագետը։ 

«Կասկած չկա, որ մենք այսօր առավել մոտ ենք կարգավորմանը, քան 20 տարի առաջ, այսօր կողմերը պատկերացնում են` ինչ տեսք պետք է ունենան կարգավորման հիմնարար սկզբունքները», – «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասում է ամերիկացի համանախագահը` ընդգծելով. – «Հիմնարար սկզբունքները այսօր պարզ են առավել, քան երբեւէ, եւ դա է հենց 20 տարի շարունակվող բանակցությունների իրական առաջընթացը»։

Դիվանագետի համոզմամբ, անցած տարիների ընթացքում Մինսկի խումբը երեք ձեռքբերում է ունեցել` նպաստել է կայունությանը, որպեսզի հրադադարի խախտման դեպքերը չվերածվեն առավել լուրջ բախումների, երկրորդը` ապահովել է ուղիղ հաղորդակցություն կողմերի միջեւ, եւ երրորդը` ընդհանուր հիմք է ստեղծել բանակցությունների համար։

«Հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում համանախագահները կենտրոնացել են Հիմնարար սկզբունքներ կոչվող շրջանակային փաստաթղթի վրա, որտեղ ներառված են Լեռնային Ղարաբաղի հարակից գրավված տարածքների վերադարձը Բաքվի վերահսկողությանը, տեղահանված մարդկանց վերադարձի իրավունքը, միջանկյալ կարգավիճակը Լեռնային Ղարաբաղի համար` անվտանգության եւ ինքնիշխանության երաշխիքներով, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքն ու համաձայնությունը` տարածքի վերջնական կարգավիճակը ապագայում, ինչ-որ մի պահի որոշելու համար», – ասում է ամերիկացի համանախագահն ու ընդգծում, որ այս փուլի մարտահրավերներից մեկը հենց այս քայլերի հերթականությունն է ու փոխհամաձայնեցումը։

Իսկ ի՞նչ կլինի եւս 20 տարի անց, արդյոք կհաջողվի՞ կարգավորել հակամարտությունը` «Ազատություն» ռադիոկայանի հարցին ամերիկացի միջնորդը լավատեսական պատասխան է  տվել։ «Միջնորդ երկրներն ու համանախագահները պարբերաբար հայտարարում են, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ այդ պատճառով, կարծում եմ, որ 20 տարում պետք է լուծենք այս խնդիրը», – ասել է Բրադկեն եւ ընդգծել. – «Մենք չենք կարող 20 տարի անց ետ նայել եւ տեսնել այն իրավիճակը, ինչ ունենք այսօր»։

Հեղինե Բունիաթյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031