Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները նեղում են ընտրակաշառքի դեմ պայքարող դաշնակցականներին

Մարտ 21,2012 16:59

Քիչ առաջ Գյումրու Թատերական հրապարակում միջադեպ է տեղի ունեցել տեղի ոստիկանների ու թռուցիկներ բաժանող ՀՅԴ ներկայացուցիչների միջև: Բանն այն է, որ շաբաթ օրվանից դաշնակցականները վրան են տեղադրել թատրոնի դիմաց` անցորդներին հորդորելով տեր կանգնել իրենց ձայներին, չծախել ու զերծ մնալ ընտրակաշառքներից: Սակայն սա դուր չի եկել գյումրեցի ոստիկաններին, որոնք այսօր վաղ առավոտից դաշնակցականներին պարտադրել են ազատել տարածքը, հանել վրանը, վրանի պատասխանատուին էլ զրույցի են հրավիրել Գյումրու ոստիկանություն: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում պատմեց ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գևորգ Ալեքյանը: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է դաշնակցականների վրանը խանգարել ոստիկաններին, այսինքն՝ իրավապահները կո՞ղմ են ընտրակաշառքին, պարոն Ալեքյանն ասաց. «Ես ոստիկաններին նույն հարցը տվեցի, ասացի` Հայաստանի Հանրապետության բոլոր հեռուստատեսություններով ժողովրդին հորդորում են ապահովել ազատ, արդար ընտրություն, զերծ մնալ ընտրակաշառքներից, հիմա մենք նույն ակցիան ենք իրականացնում` միայն թե թռուցիկների բաժանման տեսքով, խնդիրը ո՞րն է, ոստիկանները պատասխանեցին, որ մեզ վերադասից է հանձնարարվել թույլ չտալու:Ես էլ ասի` չեմ հանելու վրանը, թող իրենք էստեղ գան: Փառք Աստծո, քաշքշոց չեղավ, վերջը քաղաքակիրթ մարդիկ ենք, բայց, համենայնդեպս, ուզում էին խոչընդոտել, զանգահարում էին, առավոտից մեզ պահապան էին կանգնել, վստահ եմ, որ էլի կվերադառնան»:

Ըստ մեր զրուցակցի, իրենց տեղադրածը վրան էլ չի կարելի համարել, այն հովանոց է, որպեսզի արևը ներսում կանգնողների վրա չազդի, իսկ այստեղից անցորդներին հրամցնում են բուկլետներ, թռուցիկներ, նաև պայմանագիր ենք կնքում վերջիններիս հետ: Ըստ Գևորգ Ալեքյանի, իրենք ճշտել են, որ նման հովանոց տեղադրելու համար օրենքով ոչ մեկի թույլտվությունը անհրաժեշտ չէ` ոչ քաղաքապետարանի, ոչ էլ ոստիկանության:

Մեր այն հարցին էլ, թե հետաքրքրվողներ կա՞ն իրենց ակցիայով, ՀՅԴ պատասխանատուն հավաստիացրեց, որ այսօրվա ընթացքում արդեն 60 հոգի պայմանագիր են կնքել, 500-600 թռուցիկներ էլ արդեն բաժանվել են:

Ի դեպ, այս ակցիան կազմակերպվել է ՀՅԴ-ի նախաձեռնությամբ, սակայն իրագործողը «Քվեն ուժ է» հասարակական շարժումն է: Այն իրագործվում է Հայաստանի տարբեր մարզերում: «Այն էլիտան, որը չկողմնորոշված է, զզված նման իրավիճակներից, փորձում ենք նրանց ուղղորդել դեպի ընտրատեղամասեր: Շատ մարդիկ ասում են` մեկ է, չենք գնա ընտրությունների, մեկ է՝ ընտրենք , թե չընտրենք, կանցնի էն , ով որ պետք է, ով որ ընտրակաշառք է բաժանում, կամ էս կլանի մարդն է: Մենք ժողովրդին փորձում ենք էդ ամեն ինչից հեռու պահել», -իրենց նպատակն այսպես է մեկնաբանում դաշնակցականը: Մեր զարմանքին, թե սոված Գյումրիում դեռ մարդիկ կա՞ն, որոնք առանց մաղարիչի իրենց ձայնը կտան, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ ոչ միայն Գյումրիում, այլ ամբողջ Հայաստանում ընտրակաշառքը չընդունող ընտրազանգված կա, որը, սակայն, ցավալիորեն զզված է ամեն ինչից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031