Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան. «Մենք քննարկում ենք, ՀԱԿ-ը թող առաջադրի»

Մարտ 21,2012 16:52

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, մեր հարցին` մեծամասնական ընտրակարգում չե՞ք ուզում ընդդիմության հետ համագործակցել եւ պաշտպանել 1 միասնական թեկնածուի` պատասխանեց. «Մենք քննարկում ենք: Որոշ տեղերում դա հնարավոր է, չենք բացառում, բայց ես հիմա պատրաստ չեմ այդ հարցին պատասխանելու, որովհետեւ շտաբը բանակցություններ է վարում, նրանցը հլը որ չգիտենք, մենք ի՞նչ ասենք»: Մեր դիտարկմանը, թե ՀԱԿ-ը հաստատել է, որ բոլոր 41 ընտրատեղամասերում էլ առաջադրելու է իր թեկնածուներին` պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դե, ՀԱԿը թող առաջադրի»:

Իսկ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը մեր զրույցում մեկնաբանեց, որ կա իրատեսական առաջադրում եւ կա ոչ իրատեսական. «Մենք թեկնածուներ առաջադրում ենք այն ընտրատեղամասերում, որտեղ իրատեսական է այդ աշխատանքն անել, այլապես բոլորս էլ կարող ենք առաջադրվել»:

Ինչ վերաբերում է այլ հարցերում ընդդիմության հետ համագործակցելուն, Վահան Հովհաննիսյանը ասուլիսում նշեց, որ որոշ հարցերի շուրջ համագործակցում են «Ժառանգության» խմբակցության հետ. «Իհարկե, ոչ բոլոր հարցերի եւ ոչ բոլոր տակտիկական լուծումները, որ որդեգել է այս ընթացքում ժառանգությունը, մեզ համար ընդունելի են եղել»: Ա. Շահբազյանի խոսքերով` «Ժառանգության այսօրվա ցանկից մեզ համար անհասկանալի է, թե այսօրվա ժառանգության ցանկով խորհրդարան մտնող ուժը ի՞նչ ուժ է լինելու, օրինակ, ազգային խնդիրներով, որոնց մասին շատ անդրադարձել է «ժառանգությունը»: Ինքը միավորվել է մի ուժի հետ, որը հայթուրքական արձանագրությունների հարցում ունեցել է հակառակ դիրքորոշում: Այնտեղ կա անձնավորություն, որը պարզապես դրա ջատագովն ու քարոզիչն է եղել: Մենք պիտի հասկանանք` այդ ուժը ի՞նչ դիմագծով է գալիս, ըստ դրա կհստակեցվի՝ մենք ինչպիսի գործակցություն կարող ենք ունենալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031