Ըստ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի, որն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր, 2007 թվականի համեմատ, երբ «մրցակցություն չկար, ազատ ընտրելու հնարավորությունը բացակայում էր, քաղաքական դաշտը մեռած էր», այժմ իրավիճակն այլ է` «ներկայիս ակտիվ միջավայրի եւ այն ժամանակվա մեջ էական տարբերություն կա, համեմատելու եզրեր չկան»:
Ընդ որում` իրավիճակի փոփոխության մեջ պարոն Խաչատրյանը կարեւորում է Հայ ազգային կոնգրեսի դերը` «ՀԱԿ-ի շնորհիվ էր, որ այս տարիների ընթացքում լարված եւ ակտիվ էր քաղաքական կյանքը»:
Այդուհանդերձ, պարոն Խաչատրյանը չէր կարող չնկատել, որ այսօրվա ՀԱԿ-ը զգալիորեն իր վարկանիշով զիջում է մեկ-երկու տարի առաջվա ՀԱԿ-ին: Դա են ապացուցում նաեւ ՀԱԿ-ի անցկացրած սոցհարցումները: Ըստ այդմ, եթե նախորդ տարի լինեին ընտրությունները, ՀԱԿ-ը 50%-ից ավելի ձայն կունենար: Թե որքան կունենա այժմ` պարոն Խաչատրյանը չասաց, միայն ասաց, որ այսօրվա դրությամբ էլ` իրենց հարցումների համաձայն, ՀԱԿ-ն առաջինն է, ՀՀԿ-ն շանս չունի նույնիսկ պառլամենտ անցնելու` «միայն ադմինիստրատիվ ռեսուրսների շնորհիվ 10% կունենա», ՀԱԿ-ից հետո ԲՀԿ-ն է, ՕԵԿ-ն ընդհանրապես չկա, ՀՅԴ-ն մոտ 7%, «Ժառանգությունը» նույնպես կանցնի, բայց չասաց, թե քանի տոկոսով:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մեղադրանքներին`արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնել չկարողանալու եւ հերթական ընտրություններին մասնակցելով` այդ ընտրությունները պարզապես լեգիտիմացնելու մասին, ապա, ըստ ՀԱԿ անդամի, «քաղաքականությունը նախատեսում է նաեւ նահանջ», եւ եթե չստացվեց արտահերթ ընտրություններ անելը` չպետք է ձեռքերը ծալել: Թեեւ չբացառեց նաեւ ընտրություններից հետո`մանդատները վայր դնելու հավանականությունը` «Կախված կլինի նրանից, թե ինչպիսի ընտրություններ կլինեն»: Բայց նաեւ հավելեց` «Միամիտ չեմ, որ հավատամ արդար ընտրությունների մասին իշխանությունների խոստումներին, արդար ընտրությունները կախված են մեզնից եւ ժողովրդից»:
Ազգային ժողով անցնելու պարագայում Վահագն Խաչատրյանը չբացառեց տարբեր հարցերի շուրջ ոչ միայն ընդդիմադիր այլ ուժերի, այլեւ անգամ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը: Ի՞նչ հարցերի շուրջ կհամագործակցեք Հանրապետականի հետ` այս հարցին պարոն Խաչատրյանը պատասխանեց` «օրինակ` Ղարաբաղի հարցի»:
Panorama.am-ի թղթակիցը խնդրեց Վահագն Խաչատրյանին գնահատել 1996 թվականի ընտրությունները: «Արդար ընտրություններ են եղել, միանշանա’կ»,- գնահատեց ՀԱԿ անդամը:
Ի դեպ, Վահագն Խաչատրյանն առաջադրվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքը զբաղեցնող թիվ 8 ընտրատարածքում, որտեղ ներկայումս իր միակ մրցակիցը ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանն է. «Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան»` ճշտեց Վ.Խաչատրյանը: Պարոն Խաչատրյանն այս ընտրատարածքում իր շանսերը բավականին բարձր է գնահատում: Իսկ ընդհանուր առմամբ, ՀԱԿ-ը մեծամասնական ընտրակարգով «մինիմում 30» առաջադրումներ կունենա:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ