Ազգային ժողովն այսօր երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտնեց, որ 2-րդից 3-րդ ընթերցման ընթացքում առաջարկներ չեն եղել:
Նախագիծն ընդունվեց 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը քվեարկությունից հետո հայտարարեց, թե դահլիճում 63 հոգի են եւ պահանջեց պահպանել քվեարկության պատկերը: Նրա այս հայտարարությունից հետո մեծամասնության պատգամավորներն անմիջապես դուրս եկան դահլիճից:
«Այս շարժը ապացուցում է, որ սա ղեկավարվող գործընթաց է»,- արձանագրեց Լարիսա Ալավերդյան:
Կարդացեք նաև
Նա պահանջում էր անվավեր ճանաչել քվեարկությունը, սակայն նիստը վարող Էդվարդ Շարմազանովը մերժեց առաջարկը՝ պատճառաբանելով, թե որեւէ կոնկրետ պատգամավորի անուն չի տվել, որի տեղը քվեարկվել է: Լարիսա Ալավերդյանը շարունակում էր առարկել, ինչին ի պատասխան՝ պրն Շարմազանովն ասաց. «Ընտրարշավը դեռ չի սկսել: Հանգիստ, սիրուն շարունակենք մեր աշխատանքները»:
Հիշեցնենք, որ կեղծիքներով էր անցել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նաեւ առաջին ընթերցմամբ ընդունումը: