Այսօր մեկնարկեց «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) եւ «Save the children» կազմակերպության միջոցով: «Կոնգրես» հյուրանոցում ծրագրի շնորհանդեսին ներկա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ պետական ռեսուրսները բավարար չեն, որպեսզի ամբողջությամբ ծածկեն դաշտը, ուստի այլ կազմակերպությունների աջակցությունն ու ֆինանսավորումը շատ կարեւոր է: Նախարարը նաեւ վստահեցրեց, որ աջակցության համար իրենց երախտիքի խոսքը ոչ թե պարզապես խոսք կլինի, այլ գործով ցույց կտան:
Ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան էլ վստահեցրեց, որ ծրագրի շնորհիվ 400 հաշմանդամ անձ աշխատանքով կապահովվի, 620-ը՝ մասնագիտական կրթություն կստանան, 450-ը՝ կվերապատրաստվեն աշխատանքի եւ կյանքի հմտություններին, այսպես ասած՝ տիրապետելու ուղղությամբ: Ըստ տիկին Սարգիզովայի, Հայաստան են ներմուծվելու հատուկ սարքավորումներ, որոնցով ստուգվելու է, թե տվյալ հաշմանդամն ինչ աշխատանքի հնարավորություն ունի, եւ ըստ այդմ էլ կներգրավվեն համապատասխան աշխատանքներում: Ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ստեղծվելու է կարի արտադրամաս եւ սածիլների ջերմոցներ, եւ ինչպես վստահեցրեց ծրագրի տնօրենը, արտադրանքի իրացման խնդիրն իր վրա է վերցրել Երեւանի քաղաքապետարանը: «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագիրն առայժմ իրականացվելու է Երեւանի 10 համայնքներում, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի եւ Արարատի մարզերում: Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են անտեսվել մյուս մարզերը եւ ի՞նչ սկզբունքով են ընտրվել հենց այդ մարզերը: Ջինա Սարգիզովան այս հարցմանն ի պատասխան՝ վստահեցրեց, որ մյուս մարզերում էլ մի շարք հասարակական կազմակերպությունների վերապատրաստումից հետո մնացած մարզերում էլ կսկսվեն նմանատիպ աշխատանքներ: Իսկ ընտրված մարզերում, ըստ վիճակագրության, ավելի շատ են հաշմանդամություն ունեցող անձինք, ուստի առաջնային դրանք են ընտրվել: Մեզ հետ զրույցում քննարկմանը ներկա «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Մաղաքյանը, ճիշտ է, դրական գնահատեց ԱՄՆ ՄԶԳ ծրագիրը, սակայն հավելեց, որ այսօր հաշմանդամ անձանց համար թիվ 1 խնդիր է մնում տեղաշարժվելը, հասարակական տրանսպրոտն ու բազմաթիվ շենքեր դեռեւս անհասանելի են նրանց համար: Հաշվի առնելով, որ շուտով ԱԺ ընտրություններ են, «Aravot.am»-ը «Ունիսոն» հ/կ-ի ղեկավար Արեմն Ալավերդյանից էլ հետաքրքրվեց, թե որքանո՞վ են հասանելի ընտրատարածքները հաշմանդամ մարդկանց համար: Պարոն Ալավերդյանի խոսքերով՝ ընտրատեղամասերի շուրջ 85 տոկոսը հաշմանդամություն ունեցողների համար անհարմար է.«Բացի այդ, ընտրատեղամասեր են տեղադրվում նաեւ 2-րդ հարկերում, որն ընդհանրապես պետք է արգելվի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև
Թեմայի շուրջ մանրամասները՝ վաղվա «Առավոտ» օրաթերթում: