Մայիսի 11-ին Իջեւան քաղաքում ավազակային հարձակում էր կատարվել: Դիմակավորված 2 տղամարդ մտել էին քաղաքի 73-ամյա բնակչուհի Նինա Օթարյանի առանձնատուն եւ կապկպելով միայնակ ապրող կնոջը` հափշտակել նրա բջջային հեռախոսը, կնոջ դրամապանակում եղած մի քանի հազար դրամը եւ մի պարկ պղնձի ջարդոն: Տարեց կինը զբաղվում է բնակիչներից մետաղի ջարդոն ընդունելով եւ դրա իրացմամբ:
Իջեւանի ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը: Պարզվել է, որ գողությունը կատարել են եղբայրներ, իջեւանցիներ՝ Արշակ եւ Արմեն Թամրազյանները: 24 եւ 21 տարեկան եղբայրները նախկինում պղնձի ջարդոն են հանձնել կնոջը եւ իմացել են նրա տան ելումուտը: Եղբայրներից մեկը կալանավորված է: Մյուս եղբայրը առողջական լուրջ խնդիրներ ունի, սրտից հիվանդ է, գրեթե չի լսում, ուստի նպատակարհարմար չի համարվել նրա կալանավորումը: Գործով կատարվում է քննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ