Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ ցուցակի 9-րդ համար. «Սերժ Սարգսյանը կորցրել է պատկերացումը, թե ինչ է բարոյականությունը»

Մարտ 21,2012 15:17

«Մարդկանց համարակալել են` դուք շնորհավորում եք: Ի՞նչ շնորհավորելու բան կա: Ես դրան որեւէ նշանակություն չեմ տալիս: Ես զզվում եմ էդ համարակալումներից»,- այսպես արձագանքեց ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` շնորհավորանքին, որ ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ 9-րդ տեղն է զբաղեցրել: Aravot. am-ը հետաքրքրվեց` այդ դեպքում ինչո՞ւ է համաձայնել ընդգրկվել ԲՀԿ ցուցակում, կարող էր պարզապես հրաժարվել: «Չէ, ես նկատի ունեմ ինքը` ձեւը: Այս համարակալումների ձեւն ինձ չի հրապուրում: Մարդուն համար են դնում»,- պարզաբանեց Հմայակ Հովհաննիսյանը` հավելելով. «Չեմ ասում` ցավակցեք, բայց շնորհավորելու առանձնապես առիթ էլ չկա, մանավանդ, դուք լավ գիտեք, որ ինձ բախտ է վիճակվել լինել երկրորդը` Կարեն Դեմիրճյանից հետո, 1999-ի ընտրական գործընթացներում: Այնպես, որ ինձ համար առանձնապես մեծ նվաճում չէ լինել տասնյակում»:

Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին եւ նախագահական ընտրություններից դեռ մեկ տարի առաջ շտապեց հայտարարել 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին: «Որպեսզի հինգ տոկոսը հաղթահարելու շանսեր ունենա»,- եղավ պատասխանը:

Իսկ նախագահ Սարգսյանն իր ելույթով ի՞նչ էր ուզում ասել` հարցին էլ, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Ես զարմանում եմ, որ Սերժ Սարգսյանը վերջերս իսկապես լիովին կորցրել է պատկերացումը, թե ի՞նչ է բարոյականությունը: Եվ եթե հայտնի Լյուդովիկոս 14-րդ նախագահն ասում էր` «Պետությունը դա ես եմ», ապա Սերժ Սարգսյանը մի քիչ ձեւափոխել է եւ ասում է` նրանք են բարոյական, ովքեր ինձ պաշտպանում են կամ նրանք են բարոյական, ովքեր ինձ արտահայտում են իրենց բարերարությունը: Դա յուրահատուկ պատկերացում է բարոյականության մասին: Որովհետեւ, իրականում, Արթուր Բաղդասարյանի եւ մյուս նմանատիպ անձնավորությունների, որոնք Սերժ Սարգսյանին ժամանակին անվանարկել են որպես պոտենցիալ կամ իրական մարդասպանի, մասին խոսելիս բարոյականություն բառն օգտագործելը տարօրինակ է: Պոտենցիալ` Արթուր Բաղդասարյանի դեպքում, իրական` Արտաշես Գեղամյանի դեպքում, Վիկտոր Դալլաքյանի դեպքում: Այսօր նրանց դիտել որպես բարոյական կերպարներ, միայն ելնելով այն բանից, որ այսօր նրանք իրենց շահերից, կարգավիճակներից, ինչու ոչ` նաեւ վարկանիշից դրդված պաշտպանում են Սերժ Սարգսյանին, որպեսզի այդ վարկանիշի վերականգնման համար օգտագործեն վարչական ներուժը, դա ցինիկություն է: Բարոյականությունն այնտեղ է, երբ մարդը հետեւողական է իր գնահատականներում եւ չի փորձում սեփական խոսքը վաճառել»:

Հմայակ Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել հարցին`արդյոք նախագահի ելույթը հակադարձո՞ւմ էր ԲՀԿ համագումարում հնչած քննադատությանը. «Ես ԲՀԿ անդամ չեմ, իմ համաձայնությունը տվել եմ հատուկ կարգավիճակով, իմ համաձայնությունը տվել եմ մասնակցել ընտրություններին ԲՀԿ ցուցակով: ԲՀԿ-ի քարոզարշավում իմ ներդրումը լինելու է այն, որ ես հրապարակելու եմ երկրորդ եւ երրորդ գումարման խորհրդարանների իմ բոլոր ելույթները եւ դրանով, իհարկե, քանի որ իմ ազգանունը ծաղկեցնում է իրենց ցուցակը, կարդարացնեմ: Իսկ միջկուսակցական բաների մեջ չեմ մտնի. Նախ` ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որ իմ պաշտպանության կարիքը չունի: Այնտեղ կան մտքի տիտաններ` թող իրենք իրենց պաշտպանեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031