Լրահոս
Օրվա լրահոսը

Չիկո. Շուշան Պետրոսյանի թիրախը մշակույթի նախարարի աթոռն է

Մարտ 21,2012 14:57

Այսօր «Հայելի» ակումբում արվեստագետներ Վահան Արծրունին, Արտավազդ Բայաթյանը եւ Չիկոն՝ Արմեն Թութունջյանը, ներկայացրին նախընտրական գործընթացին մտավորականության մասնակցության շուրջ իրենց մոտեցումները: Արտավազդ Բայաթյանի կարծիքով՝ մինչ օրս երկրում ոչինչ չի փոխվել. «Երբ պատկառելի մարդուն նշանակում են պաշտոնի, նա սկսում է խաղալ այդ պաշտոնի օրենքներով: Կամ, եթե քաղաքացին գումար է վերցնում իր ձայնի դիմաց, ապա պետք է մեղադրել նրան, այլ ոչ թե տվողին, քանի որ դրանով նա նույն քայլին է դատապարտում նաեւ մնացածներին»: Երգահանը հավելեց, որ ունենք գումարով եւ պաշտոնով հեշտ գնվող մտավորականներ: Արմեն Թութունջյանի դիտարկմամբ՝ խնդիրը վերաբերմունքի մեջ է . «15 տարի Կոնսերվատորիայում դասավանդելով՝ աշխատավարձս 25.000-ից դարձել է 35.000: Բայց վաստակավոր մարդիկ կան, որոնց ներկայությամբ ես պետք է լռեմ, որովհետեւ նրանք դասավանդել են 40 տարի: Դա՛ է վերաբերմունքը»: Վահան Արծրունու կարծիքով՝ հասարակության մեջ չկա հստակ սահմանում մտավորականի մասին. «Դրա համար էլ յուրաքանչյուր ոք կարող է իրեն մտավորական հայտարարել եւ անել այն, ինչ ուզում է կամ կուսակցությունից կուսակցություն վազել»:

Ա. Բայաթյանը հավելեց, որ անկախ տիրող վիճակից՝ մտավորականությունը պետք է մասնակցի ընտրություններին, քանի որ չկա մեր պետությունից առավել թանկ բան: Երգահանի կարծիքը կիսեց Ա. Թութունջյանը, որը երկու անգամ մեկնելով ԱՄՆ՝ կրկին վերադարձել է հայրենիք. «Ես ջազ եմ սիրում, բայց պարտադիր չէ այն նվագել Ամերիկայում: Այստեղ էլ եմ շարունակում հարվածել թմբուկներիս»: «Չիկոն եւ ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ ներկայումս այնքան թերություններ կան, որ երբեմն ստիպված ես լինում թողնել սիրած գործը. «Բայց այդ դեպքում էլ կգժվես, որովհետեւ չես կարող դրանք շտկել: Մեր հասարակարգը հիվանդ է, իսկ սիրած աշխատանքը՝ սփոփանք»:

Ա. Թութունջյանը դրական քայլ համարեց երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ պատգամավոր դառնալու պատրաստակամությունը. «Նրա թիրախն, ըստ երեւույթին, մշակույթի նախարարության աթոռն է: Իմ կարծիքով՝ նա առավել հստակ պատկերացում ունի ոլորտի մասին»: Հարցի շուրջ Ա. Բայաթյանը հավելեց, որ սովորաբար քաղաքականություն են մտնում այն մարդիկ, ովքեր չեն կայացել իրենց գործում:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան Գաբրիելյան says:

    Ավելի լավ է Շուշանը, քան հայ մշակույթի կործանիչ հասմիկ պողոսյանը

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031