«Ուրբաթ» ակումբի այսօրվա հյուրն էր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը։ Նա խոսեց «Մաշտոցի պուրակի» երեւույթը որպես այլընտրանքային քաղաքացիական իրականության սկիզբ» թեմայով: Պարոն Չուգասզյանը փաստեց, որ այսօրվա հանդիպումը տեղի է ունենում հետաքրքիր ֆոնի վրա` Ազգային ժողովի ընտրությունների ցուցակների հրապարակում եւ Մաշտոցի պուրակի արդեն 40 օր տեւող նստացույց: Այս երկու երևույթները, նրա կարծիքով, բնորոշում են մեր իրականության մեջ ակնհայտորեն առանձնացող 2 մշակույթներ. «Մի կողմից այս խտացող խավարի երևույթն է` Ազգային ժողովի ընտրությունները, մյուս կողմից էլ` պայծառ դեմքերով երիտասարդները, ովքեր հավաքվել են գրեթե անհույս թվացող բնապահպանական պայքարի համար»:
Գարեգին Չուգասզյանը նշեց, որ տաղավարները բնավ էլ չեն համապատասխանում քաղաքի հիմնական թամանյանական հատակագծին: «Թամանյանի ամենամեծ ստեղծագործությունը, որ նա մեզ ժառանգել է, քաղաքի գլխավոր հատակագիծն է, որից հրաժարումը նշանակում է, որ հրաժարվում ենք աշխարհին ինքնուրույն ներկայանալու գաղափարից»,-ասաց բանախոսը:
Երիտասարդ ակտիվիստների գործունեությունը նա որակեց որպես սաղմնային մի երևույթ, որ հիմք կդնի այլընտրանքային նոր մշակույթի սկզբնավորմանը: «Մենք հիմա մի մշակույթ ունենք, որը գիտի ամեն ինչի գինը, բայց արժեւորում է ոչինչը», -ասաց պարոն Չուգասզյանը: Ամեն մի նախաձեռնություն սկսվում է մի քանի ակտիվիստներից: Նա հույս հայտնեց, որ հարթակը դեռ կընդլայնվի եւ հասարակությունը կհասկանա այս շարժման արժեքը:
Խոսելով այն մասին, թե արդյոք Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները կշեղեն մարդկանց ուշադրությունը Մաշտոցի պուրակի իրադարձություններից, բանախոսը նշեց, որ «Սարդարապատ» շարժումը սրանք չի համարում ընտրություններ. «Սրանք հերթական կեղծ ընտրություններ են՝ նման է խաղատան, իսկ խաղատանը հաղթել հնարավոր չէ»: Նա ասաց, որ իսկական ընտրությունները կծնվեն հենց այլընտրանքային մշակույթով: Այլընտրանքը ակնհայտ է դառնում փոքրիկ ուժերի շնորհիվ:
Կարդացեք նաև
Անի ՄԿՐՏՉՅԱՆ