«Ընտրություններից 2 շաբաթ, կամ 10 օր առաջ կասեմ, թե որ ֆրակցիան ինչ թվեր կունենա»,– այսօր «Տեսակետ» ակումբում հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա նպատակահարմար չի համարում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանի որ կարծում է, որ փոփոխություններ կարելի է կատարել միայն փողոցում, որտեղ հիմա իրենք գտնվում են:
Լրագրողների այն հարցին՝ արդյոք այդպիսո՞վ «Նոր ժամանակներ» կուսակցությունը հավակնում է զբաղեցնել ՀԱԿ-ի տեղը, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Մենք ոչ մի հավակնություն չունենք զբաղեցնել ՀԱԿ-ի տեղը: Պարզապես տրամաբանությունն է տանում այնտեղ»:
Խոսելով ընդդիմության խորհրդարանական ընտրություններին մասնակցելու երևույթի մասին՝ Ա. Կարապետյանը նշեց. «Ես չեմ ողջունում որևէ ընդդիմադիր հատվածի մասնակցությունն այս ներկայացմանը»:
ՀՀ արտաքին քաղաքականության մասին «Նոր ժամանակներ»-ի նախագահն ասաց. «Մեր արտաքին քաղաքականությունը սկսել է դառնալ ռուլետկա: Մենք չենք հասկանում՝ ինչ ենք ուզում: Սերժ Սարգսյանն իր քաղաքական թիմով արտաքին քաղաքականության ոլորտում ինչ է ուզում՝ չի հասկանում: Չգիտեմ՝ միգուցե մենք գործ ունենք լուրջ շախմատիստի հե՞տ: Որքան էլ չսիրեմ Ռոբերտ Քոչարյանին, բայց գոնե նրա վարած քաղաքականության օրոք դոմինանտ առաջ էր տարվում ցեղասպանության հարցը»:
Կարդացեք նաև
Թե ինչու «Նոր ժամանակները» ՀԱԿ-ին չմիացավ՝ Ա. Կարապետյանն ունի հետևյալ պատասխանը. «ՀԱԿ-ում կա երկու կարևոր քաղաքական թերացում. մինչև վերջ չեն ընկալում հեղափոխությունը, մյուսն էլ այն է, որ ՀԱԿ-ը որոշեց, թե իշխանությունների վրա արդեն այնքան ճնշում է գործադրել, որ կարող է դիվիդենտներ կորզել, ինչը սխալ էր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ