Ասում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը
– Ի՞նչ են իրենցից ներկայացնում աղանդները:
– Աղանդները լինում են քրիստոնեական, ոչ քրիստոնեական, արեւելյան եւ այլն: Թեեւ մեծ մասը հանդես է գալիս որպես քրիստոնեական աղանդ, ըստ էության, մերժում է Քրիստոսին եւ քրիստոնեությունը, ինչպես, օրինակ՝ «Եհովայի վկաները», մորմոնները: Աղանդները շեղում են ճշմարիտ կամ ուղղափառ ուղուց: Նրանց հիմնական նպատակը դրամ վաստակելն է՝ բիզնեսը, հասարակության քայքայումը եւ Հայաստանում կամ որեւէ այլ երկրում լրտեսական գործունեություն ծավալելը:
– Հայաստանում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն: Ինչո՞ւ է պետությունը թույլատրում նրանց քարոզչություն ծավալել եւ առավել եւս՝ գրանցում է նրանց:
– Այդ 67 կրոնական կազմակերպություններն աղանդներ չեն: Հայաստանում աղանդներն ավելի շատ են՝ 100, գուցե՝ 200: 67-ից մոտ 10-ը Մայր աթոռին պատկանող կրոնական կազմակերպություններ են՝ հայորդաց տներ, երիտասարդական միություններ: Մնացած 57-ից շատերը միեւնույն աղանդավորական կազմակերպություններն են՝ գրանցված տարբեր անուններով: Օրինակ՝ «Կյանքի խոսքը» կարող է գրանցված լինել 3-4 տարբեր անուններով՝ «Երեւանի «Կյանքի խոսք», «Վանաձորի «Կյանքի խոսք», Ռեմա, Էմանուել: Պետությունը աղանդներին գրանցում է, որովհետեւ համաձայնագիր ունի Եվրոպայի հետ: Ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին եւ Եվրախորհուրդ մտնելու առաքելությամբ Հայաստանը պարտավոր է ապահովել ինչպես մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը, այնպես էլ՝ կրոնի ազատությունը: Շատ երկրներում «Եհովայի վկաներին» չեն գրանցում, բայց երբեք չեն ասում, թե դրանք ժողովրդավար պետություն չեն: Այս ամենը քաղաքականացված է: Հստակ օրինակ է Բայաթյանի դատը՝ ընդդեմ Հայաստանի: Տարիներ առաջ վերջինս զորակոչվել էր բանակ, չէր գնացել եւ դատվել էր: Հետո դիմել է ԵԴ, որտեղ հայցը հօգուտ նրա է վճռվել, ու Հայաստանը տուգանք է վճարել 20.000 եվրո: Ստացվում է, որ պետությունը «ստիպված» է պարգեւատրել դասալիքներին:
– Կարծիք կա, թե եկեղեցին աղանդավորների դեմ պայքարելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկում:
– Եկեղեցին աղանդավորների դեմ պայքարելու հատուկ մարտավարություն չունի, եւ դա նրա առաքելության մեջ չի մտնում: Եկեղեցու առաքելությունը ավետարան քարոզելն է:
– Աղանդավորական կազմակերպությունները հսկայական գումարներ են ծախսում: Ովքե՞ր են հովանավորում նրանց:
– Ըստ իրենց՝ այդ գումարները հավատացյալների կողմից վճարված տասնորդներն են: Բոլոր աղանդներն ունեն տասնորդներ, որը պարտադիր է, թեեւ ամրագրված չէ որեւէ օրենքով: Անհրաժեշտության դեպքում նրանք օրինակ են բերում այն, որ Հին Կտակարանում գրված է, թե տասնորդը պարտադիր է: Աղանդները քողարկում են բիզնեսը: Եվ քանի որ եկեղեցիները ազատված են հարկերից, հետեւաբար՝ նման բիզնես ունենալը շահավետ է, ունեն գրանտներ, թեեւ օրենքը արգելում է նյութական հոսքերը:
– Վերջերս մի շարք հայտնի դեմքեր խոսեցին նմանատիպ կազմակերպություններում իրենց ներգրավվածության մասին: Ո՞րն է գայթակղությունը:
– Օրինակ՝ երգիչ Գոռ Սուջյանը խոստովանեց իր զղջման մասին, իսկ Մհերը շատ պարզ ասաց, որ եթե եկեղեցին իրեն չի օգնում, այդ դեպքում ինչո՞ւ գնալ դեպի եկեղեցի: Շահագրգռությունն այն է, որ նրանց օգնում են տեսահոլովակներ նկարել, PR անել եւ այլն:
Ես չեմ դատապարտում այդ մարդկանց, բայց նաեւ չեմ ընդունում, որ իրենք ակամայից հոգեորսության առիթ, միջոց են դառնում:
– Կան բազմաթիվ երիտասարդաց միություններ, ինչո՞ւ է դրանց մասին քիչ խոսվում:
– Գրեթե բոլոր եկեղեցիները ունեն նման միություններ: Դրանք կազմակերպում են համակարգչային, անգլերենի, լրագրության եւ մի շարք այլ դասընթացներ: Հայ առաքելական եկեղեցին գովազդի կարիք չունի: Մեր գործը մարդկանց հոգսերով եւ կարիքներով զբաղվելն է:
ԱՆԻ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ