Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակադեմիականները» տպավորվել են հայ վոկալիստներով

Մարտ 21,2012 13:31

Միխայիլ Բաուխը, Քրիստոֆեր Բյոնկեն եւ Հովհաննես Հովհաննիսյանը:

Վերջերս երկօրյա այցով առաջին անգամ Հայաստան էին ժամանել Գերմանիայի Լյուբեկ քաղաքի Երգչախմբային ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Քրիստոֆեր Բյոնկեն եւ կոմպոզիտոր, դաշնակահար Միխայիլ Բաուխը: Այցի նպատակն էր ակադեմիայի բազմազգ երգչախումբը լրացնել նաեւ հայազգի վոկալիստներով: Լսումները կայացել են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

«Առավոտը» հանդիպեց կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ այդ արվեստագետները, սկսած 2002 թվականից, յուրաքանչյուր տարի աշխարհի տարբեր երկրների մշակութային օջախներում անցկացված լսումների արդյունքում թարմացնում են շուրջ 100 հոգուց բաղկացած իրենց երգչախումբը: Պարոն Հովհաննիսյանը հայտնեց, որ Երեւանում 30 վոկալիստների ունկնդրումից հետո ընտրել են 5-ին՝ օպերային ստուդիայի մեներգիչներ Սոֆա Սայադյանին, Մանուշ Հարությունյանին, Ռեբեկա Դեմիրճյանին, Պերճ Քարազյանին եւ Արշակ Կուզիկյանին, նշելով, որ սովորաբար մասնագետների համակրանքին են արժանանում 1-2-ը: Պրոֆեսորը տեղեկացրեց նաեւ, որ երգիչների ընտրության հարցում կար սահմանափակում. կանայք չպետք է գերազանցեն 32 տարեկանը, տղամարդիկ՝ 35-ը: Հավելեց նաեւ, որ երգչախմբի համերգները կայանում են ամռան ամիսներին, այս տարի ընտրել են Գերմանիան, Ֆրանսիան եւ Չինաստանը: Կոլեկտիվը հանդես կգա այնպիսի ճանաչված նվագախմբերի հետ, ինչպիսիք են Չինաստանի ռադիո-ֆիլհարմոնիկը, Բրեմենի կամերային նվագախումբը եւ այլն:

Հարցին՝ գերմանացի արվեստագետների երեւանյան այցը իրե՞նց նախաձեռնությամբ էր, Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Անցյալ տարի Շոտլանդիայի թագավորական ակադեմիայում անցկացված ունկնդրումից հետո մեր հյուրերին հիացրել են Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ, օպերային ստուդիայի մեներգիչ, այժմ Թագավորական ակադեմիայում վերապատրաստվող Անուշ Հովհաննիսյանի կատարումները, ումից եւ տեղեկացել են հայկական վոկալ դպրոցի եւ դրա «մեղավոր» Երեւանի կոնսերվատորիայի մասին: Փաստորեն մեր երգչուհու վոկալի եւ բարձրարվեստ կատարումներն են պատճառ հանդիսացել գերմանացիների՝ առաջին անգամ մեր երկիր այցելելու համար»: Ռեպլիկին՝ փաստորեն, թեկուզ ժամանակավոր, երգչախմբի արտիստ են դառնում մեներգիչները, մեր զրուցակիցն ասաց, որ կոլեկտիվի ծրագրում կան նաեւ օպերաների համերգային կատարումներ, որոնց պարագայում մեներգիչներ են անհրաժեշտ:

Հետաքրքրվեցինք՝ օգտվելով առիթից, հյուրերին ծանոթացրե՞լ են հայ երգչախմբային արվեստին եւ ինչքանո՞վ էին նրանք ծանոթ մեր մշակույթին: «Նրանց նվիրեցինք հայ խմբերգային դասական երաժշտության առաջին մեծակտավ ստեղծագործությունների՝ Եկմալյանի եւ Կոմիտասի պատարագների CD-ները, ինչպես նաեւ հոգեւոր երաժշտության գանձարանից Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթեւի, Մովսես Խորենացու եւ մյուսների երգերի, շարականների, տաղերի ձայնագրությունները: Պարոնայք Բյոնկեն եւ Բաուխը ցանկություն հայտնեցին առաջիկայում ծանոթանալ ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստին եւս, հետագայում երգչախմբի կատարումները հայ հեղինակների երկերով համալրելու նպատակով»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ հյուրերը տպավորված էին Հայաստանի պատմությամբ, նրանց ապշեցրել էր Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հոգեւոր կենտրոնը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031