Դատարանը ձայնագրության մեջ վիրավորանք ու զրպարտանք պարունակող տեղեկություններ չի հայտնաբերել
Վանաձորցի Թամարա Ադամյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ պահանջելով բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ հօգուտ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների նկատմամբ կայացրած վճիռն ու իր 14-ամյա դստերը զրպարտելու ու վիրավորելու հայցադիմումով գործն ուղարկել նոր կազմով քննության:
38-ամյա կինը պնդում է, որ դպրոցի տնօրենն ու ուսուցիչները վիրավորել ու զրպարտել են իր անչափահաս դստերը, մեղադրել գողություն եւ դրամաշորթություն կատարելու մեջ, ապա հերքել, նվաստացրել երեխային, այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծել, ինչի պայմաններում երեխայի ուսման շարունակության հարցը տվյալ հաստատություններում անհնար է. «Երեխայիս մեղադրել են ուսուցիչների անուններով զանգեր կատարելու մեջ, այն դեպքում, երբ իրենց կողմից նշված հեռախոսահամարը նշված ժամանակահատվածից էլ շատ առաջ գոյություն չի ունեցել, ռուսերենի ուսուցչուհին դասարանի աշակերտների ներկայությամբ ասել է, թե՝ քո նմանին մայրը պիտի թույն տա, որ խմես, սատկես: Իմ ներկայությամբ երեխային ասել են, թե՝ դու մայր ունենալու իրավունք չունես»:
Կարդացեք նաև
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանի խոսքերով, ձայնագրության մեջ տեղ են գտել նաեւ հետեւյալ արտահայտությունները, որոնք ակնհայտորեն վիրավորանք են: «Թամարա Ադամյանը ուսուցիչներից Սյուզաննա Սահակյանին հարցրել է, թե՝ ամբողջ դասարանի մոտ, դուրս գալուց էլ ձեռքներդ մեկնել եք ու ասել եք, թե քեզ նմանին պտի մայրդ թույն տա, որ սատկես, Սյուզաննա Սահակյանն էլ իր հերթին պատասխանել է՝ հա, ասի՝ ես քեզ նմանը ունենայի, ես չէի…, սատկի չեմ ասել, մեռնի եմ ասել»:
Թամարա Ադամյանը դատարան էր ներկայացրել իր եւ ուսուցչական կազմի հետ դպրոցում տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը, որը, սակայն, ապացույց չի համարվել:
«Ձայնագրությունը չի պարունակում այնպիսի տեղեկություններ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ պարզելու եւ հաստատելու ներկայացված պահանջները»,- նշված է վճռում:
Հակառակ սրան՝ Թամարա Ադամյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պնդում է, որ դատարանի՝ ձայնագրությունները չգնահատելն անհասկանալի է եւ չի բխում օրենքի սահմաններից:
«Ելնելով սույն վերծանման բովանդակությունից՝ կարելի է գալ այն եզրակացության, որ դատարանի կողմից գործում եղած մի շարք ապացույցներ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտության չեն ենթարկվել»,- ասում է Արթուր Սաքունցն ու ուշադրություն հրավիրում մի շարք հանգամանքների վրա, որոնց, ըստ նրա, դատարանը գնահատական չի տվել:
«Ոչ անձնական օգտագործման տարածքներում, որտեղ տեղի են ունենում նման երեւույթներ, այդ վայրերում ցանկացած արտահայտություն, առավել եւս՝ ուսուցիչների ներկայությամբ, հրապարակային է: Դատարանը գնահատական չի տվել այն հանգամանքին, որ դպրոցի տնօրենի սենյակը հանրային տարածք է, այն հանգամանքին, թե այդ ինչպես եղավ, որ Մարիամ Ադամյանը հենց ապրիլի 29-ից միանգամից կտրուկ սկսեց այդպիսի վարքագիծ դրսեւորել: Դատարանը պարտավոր էր անդրադառնալ դպրոցի ղեկավարության՝ երեխայի նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոփոխությանը, մանավանդ որ, նրանք էլ հաստատեցին, որ մինչ այդ երեխայից դժգոհություններ չեն ունեցել»:
Ավելին, Սաքունցի խոսքերով, ծնողները դիմել են ոստիկանություն, այսինքն՝ հրապարակայնացվել են երեխայի «կատարածները», ինչի արդյունքում երեխայի նկատմամբ բացասական հասարակական կարծիք է ձեւավորվել:
«Նման մթնոլորտում երեխայի՝ դպրոցում ֆիզիկապես գտնվելն արդեն անհնար է դարձել: Եթե վիրավորանք, զրպարտանք եղած չլիներ, հնարավոր կլիներ երեխայի ուսման հետագա շարունակությունը, բայց ուսման հետագա շարունակությունը իրապես հնարավոր չի եղել, դա արդեն հուշում է, որ եղել է նման վերաբերմունք, որը նույնպես դատարանի կողմից գնահատականի չի արժանացել»,- պարզաբանում է Արթուր Սաքունցը:
Հակառակ սրան՝ դատարանում ուսուցիչներ Նատալյա Նալբանդյանի ու Սյուզաննա Սահակյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Հակոբյանը պնդում է, որ, ըստ էության, դատարանի կայցրած վճիռը օրինական է, հիմնավորված եւ պատճառաբանված:
«Անգամ, եթե պայմանականորեն ընդունենք, որ հայցվորի ու նրա դստեր պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտություն կատարելու, ինչպես նաեւ իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ ներկայացվելու փաստերն առկա են, ապա նույնիսկ այդ պարագայում սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով վիրավորանքի եւ զրպարտության մասին խոսք լինել չի կարող, քանի որ հայցվորի եւ նրա դստեր մասին որեւէ հրապարակային արտահայտություն, այն էլ՝ արատավորելու նպատակով, չի կատարվել, հայցվորի եւ նրա դստեր վերաբերյալ փաստացի տվյալներ հրապարակայնորեն չեն ներկայացվել»,- բացատրում է Ռուբեն Հակոբյանը:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ