Լրահոս
Օրվա լրահոսը

3 անչափահասների նպաստը կտրել են

Մարտ 21,2012 13:10

Պատճառաբանել են, որ նրանք գիշերօթիկ են հաճախում

Բազմազավակ ընտանիքը 40 հազար դրամ նպաստի հույսին է:

Ամալյա Թումանյանի 3 անչափահաս երեխաները զրկվել են 3 ամսվա նպաստից: Ձմռան ցուրտ երեք ամիսներին ընտանիքի անդամները, որոնք մինչ այդ գոյատեւել են 74 հազար դրամ նպաստով, ոչ նորմալ սնվել են, ոչ էլ կոմունալ վարձերն են կարողացել վճարել: Գորիսի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը ընտանիքին պատճառաբանել է, որ 3 երեխաները հաճախում են գիշերօթիկ դպրոց:

Ընտանիքի մայրը՝ տիկին Ամալյան, բազմազավակ մայր է, 7 անչափահաս երեխա ունի, սակայն նպաստից զրկվել են 3-ը: Մնացած 4 երեխաների նպաստը 40 հազար դրամ է: Մեզ հետ զրույցում տիկին Ամալյան պատմեց, որ մինչ նպաստից կտրելն էլ երեխաները գնում էին այդ դպրոցը, բայց էլի ստանում էին նպաստ. «Էդ պատճառաբանությունը, որ էրեխեքը տունը՝ Շինուհայր գյուղում չեն մնում, Սիսիանի գիշերօթիկն են գնում, անհիմն է: Նրանք ամեն շաբաթ-կիրակի տուն են գալիս, էդ երեխաներին հագուստ է պետք, սնունդ է պետք, իսկ նպաստը նույնիսկ դրա համար չէր հերիքում»: Կնոջ ներկայացմամբ՝ նախորդ տարվա դեկտեմբերից մինչ օրս երեխաները նպաստ չեն ստանում. այն վերականգնելու համար մի քանի անգամ դիմել է Գորիսի տարածքային գործակալություն, սակայն մերժվել է. «Տենց էլ մի կարգին պատասխան չեն տալիս, մի նորմալ հիմնավորում չեն տալիս, որ հասկանամ՝ ինչ անեմ»: Տիկին Ամալյայի պատմելով՝ մեծ ընտանիքով ապրում են 1 սենյականոց բնակարանում, այն էլ՝ վարձով: Ամեն ամիս, նպաստը ստանալուց հետո, 2 պարկ ալյուր են գնում, որ հաց թխի, մի քիչ գումար տնտեսի՝ տան վարձի ու ծախսած էլեկտրաէներգիայի գումարը կարողանա վճարել. «40 հազարով ես ի՞նչ կարամ անեմ: Էս թանկ ու կրակ երկրում 40 հազար դրամով անգամ մի հոգին չի կարա ամբողջ ամիսը ապրի, բա 9 հոգով ո՞նց ապրենք: Ես ու ամուսինս չենք աշխատում, գործ էլ չկա, ի՞նչ աշխատենք: Ո՛չ անասուն ունենք, ո՛չ էլ հողամաս: Տնամերձ հողում մի քիչ կանաչի ու մի երկու բան ենք ցանում, բայց դրանով ապրել չի լինի: Լավ ա՝ փեչի համար հարեւանները, բարեկամներն ու ծանոթները ամեն մեկը մի քիչ փայտ են տալիս, վառում՝ տաքանում ենք»:

Մեր հարցերին ի պատասխան՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Առավոտին» հայտնեցին, որ գիշերօթիկ դպրոց հաճախելու համար նպաստից չեն կտրում: Իսկ Գորիսի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Արա Միքայելյանն էլ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ 3 անչափահաս երեխաների նպաստը կվերականգնվի այս ամսվա 25-ից: Իսկ թե ինչո՞ւ են զրկել նպաստից՝ մեր հարցին պարոն Միքայելյանը պատասխանեց. «Շաբաթվա 5 օրը երեխաները գյուղում չեն, այսինքն՝ իրենք ուրիշ համայնքում են գիշերօթիկ դպրոց գնում, ու այն ժամանակ իրենց տվյալները մեր բազայում մուտքագրված չէին: Հիմա մուտքագրվել են, ու կստանան նպաստ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031