Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Գյուղերը վերջնականապես կդատարկվեն

Մարտ 21,2012 13:01

Եթե ՀՀ կառավարությունը ագրարային քաղաքականությունը չփոխի

Համլետ Պետրոսյանը գյուղատնտեսի 35 տարվա փորձ ունի եւ այսօր արդեն, որպես մասնագետ, կարող է ասել, որ եթե մի 2-3 տարի էլ այսպես շարունակվի, մեր գյուղերը վերջնականապես կդատարկվեն: Նրա կարծիքով՝ ՀՀ կառավարության վարած ագրարային սխալ քաղաքականության հետեւանքով գյուղատնտեսական ապրանքների գները բարձր են, օրենքների բացակայության պատճառով էլ մարդիկ չեն կարողանում ձեւավորել ֆերմերային տնտեսություններ:

«Սիրտս ցավում է: Հերթը հասել է Արարատյան հարթավայրին: Եթե տարիներ առաջ, երբ հողերը նոր էին սեփականաշնորհվել, վարելահողերի ընդամենը 10-15%-ը չէր մշակվում, ապա այսօր գյուղպիտանի հողերի 40%-ն անմշակ է: Գյուղացին բազմապիսի խնդիրների առաջ է կանգնած»,- «Առավոտի» հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Հ. Պետրոսյանը: Նրա համոզմամբ՝ մշակվող հողերի մնացած մասն էլ անարդյունավետ է օգտագործվում, քանի որ այսօր գյուղացու համար չկա հստակ մշակված քաղաքականություն, որը կապահովի գյուղի եւ գյուղատնտեսության զարգացումը: Ռոստովում բուհն ավարտած եւ գյուղատնտեսության թեմայով դիպլոմային աշխատանք հանձնած Հ. Պետրոսյանը ՀՀ կառավարությանն այնպիսի ծրագիր է առաջարկում, որն իրագործելու դեպքում, նրա համոզմամբ, գյուղատնտեսության ոլորտում հեղաշրջում կկատարվի: Գյուղատնտեսությունը փրկելու՝ մասնագետի ծրագրի մեխը սեփականաշնորհված հողերի խոշորացումն է: «Դա շատ դժվարին գործ է, բայց երկրի համար շատ կարեւոր նշանակություն ունեցող գործընթաց է: Պետք է ստեղծվեն կոոպերացիաներ, որոնք զուտ սեփականատիրական ձեւով են առաջացել: Այսօր մարդիկ հնարավորություն չունեն մեծ հողակտորներ գնել, որպեսզի դրա վրա ձեւավորեն ֆերմերային տնտեսություն: Եթե գյուղացիական տնտեսությունները միավորվեն կամովին եւ ստեղծեն 25-30 հեկտարից ավելի գյուղացիական տնտեսություններ, աշխատանքները կկատարվեն ավելի մատչելի, ավելի հեշտ եւ ավելի եկամտաբեր կլինի: Կոոպերատիվները կկարողանան մեծածախ առեւտրի համար խոշոր ընկերությունների հետ բերքը իրացնելու պայմանագրեր կնքել: Միավորման պարագայում սեփական նյութատեխնիկական բազան էլ կարող են ստեղծել: Թե չէ՝ 1 հեկտար հողը վարելու համար ստիպված են տեխնիկա վարձակալել, ինչը նույնպես նպաստում է, որ գյուղմթերքի գինը բարձր լինի»,-վստահեցնում է գյուղատնտեսը: Նրա հաշվարկներով՝ կոոպերացիաներ ստեղծելու դեպքում 20-25%-ով գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքը կնվազի:

Որպեսզի մարդիկ արտադրական կոոպերացիաները չշփոթեն խորհրդային տարիներին գործող կոլխոզ-սովխոզների հետ, Հ. Պետրոսյանը հստակեցնում է. «Միանգամայն տարբեր են այս կոոպերացիաները: Հիմա կոոպերացիայի անդամներն են որոշելու բերքի վաճառքի գները, իրենք են վերահսկելու ողջ գործընթացը»:

Այդուհանդերձ, գյուղատնտեսը գտնում է, որ ներկայիս կոոպերացիաների մասին նոր կանոնադրություն պետք է մշակվի՝ այն համապատասխանեցնելով ներկայիս իրավիճակին. «Մտնելով այդ կոոպերացիաների մեջ՝ գյուղացին պետք է համոզված լինի, որ սեփականության իր իրավունքը չի խաթարվում, որ նրա աշխատանքային իրավունքը չի խաթարվում, նրանց աշխատավարձը չի գողացվում եւ այլն»:

Հ. Պետրոսյանի ներկայացմամբ՝ մի շարք օրենքներ պետք է ընդունվեն, տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում էլ փոփոխություններ կատարվեն. «Ագրարային քաղաքականության մեջ պետք է ներգրավված լինեն ողջ տեղական ինքնակառավարման մարմինները եւ այլ աջակցող ու պատասխանատվություն կրող կառույցներ: Բայց այսօր նրանք գյուղի ու գյուղատնտեսության համար ոչինչ անել չեն կարող, քանի որ օրենսդրությամբ բացակայում են նրանց պարտականությունները: Գյուղապետարանները հարկահավաքի կարգավիճակից միաժամանակ պետք է դառնան կոոպերատիվ ֆերմերներին աջակցող կառույցներ»:

Գյուղատնտեսի խոսքերով՝ կոոպերացիաներ հիմնելով՝ մեր երկրի իշխանությունները մի կարեւոր խնդիր էլ կարող են լուծել. «Ունենալով մի X քանակի կոոպերացիաներ՝ կկարողանան ծրագրավորել, թե մեզ վերջապես ինչ է պետք: Այսինքն՝ կարտադրվեն այն կուլտուրաները, որոնք ե՛ւ մեր երկրում, ե՛ւ դրսում իրականում պահանջարկ ունեն: Մեր երկրի պարենային պահանջները լիարժեք բավարարելուց հետո մեր արտադրությունը կուղղենք այն մթերքներին, որոնք կարող ենք արտահանել: Ուղղորդված ագրարային քաղաքականությունը գյուղացու համար շահույթ կապահովի, ու մարդիկ կնվիրվեն իրենց հող ու ջրին ու կաշխատեն: Դա նաեւ աշխատատեղերի հարցը կլուծի»: Գյուղացուն տարերային աղետների հետեւանքներից փրկելու համար էլ մասնագետը կառավարությանն առաջարկում է ապահովագրական ծառայություն ստեղծել. «Պետք է հաշվարկվի մի օպտիմալ գումար 1 հեկտարի չափով եւ գյուղացուց գանձվի: Պետք է հաշվարկ կատարենք, թե վերջին 20 տարում որքան աղետներ ենք ունեցել, հանենք դրա միջինացված թվերը եւ որոշակի «պրոգնոզ» կարող ենք կազմել, թե միջին հաշվով 1 տարում ինչքան վնաս կունենանք եւ ինչքան գումար կկազմի»:

Իսկ այն գյուղացիները, որոնք կզլանան կամ կհրաժարվեն հողը մշակել, պարոն Պետրոսյանն առաջարկում է նրանց նկատմամբ ադմինիստրատիվ մեթոդներ կիրառել. «Ճիշտ է, հողը մերն է, բայց հողը մեր բոլոր ժամանակներում տվյալ երկրի հարստությունն է, եւ եթե հարստությունն այնտեղ դրված է եւ չի ծառայում մեր երկրին, ուրեմն այդ հողը պետք է վերցնել նրանցից եւ մշակել: Սակայն, համոզված եմ, այդպիսի մարդիկ քիչ կլինեն, քանի որ եթե գյուղատնտեսությունը շահավետ լինի գյուղացու համար, ապա մարդիկ մեծ ոգեւորությամբ դրանով կզբաղվեն»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031